Փաշինյան-Ալիև առցանց հանդիպման ծրագիր դեռևս չկա. արտգործնախարար
«Թուրքիայի հետ հարաբերություններում դժբախտաբար մենք ունենք իրավիճակ, որի արդյունքում առնչվում ենք անվտանգային լուրջ մարտահրավերների»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։
Նրա խոսքով, թե ինչ գործիքներով պետք է քաղաքականություն իրականացնել, կախված է իրավիճակից, բայց ներկայիս հիմնական խնդիրը ընդհանուր միջավայրն է, որտեղ մենք ունենք լուրջ անվտանգային մարտահրավեր։
Հարցին, թե առաջիկայում նախատեսվո՞ւմ է Փաշինյան-Ալիև հանդիպում, Զոհրաբ Մնացականյանը պատասխանեց՝ այս պահին առաջին հերթին պետք է սպասել համավարակից բխող փուլի ավարտին։
Նա տեղեկացրեց, որ երկրների առաջին դեմքերի մակարդակով առցանց հանդիպման ծրագիր դեռևս չկա։
«Մենք նպատակ ունենք վերադառնալ կանոնավոր աշխատանքների, և շարունակենք գործել, ինչպես և նախատեսել էինք հունվարի վերջին, Ժնևում»,- ընգդծեց ՀՀ արտգործնախարարը։
Հարցին, թե ԱԳՆ-ում ինչպիսի՞ իրավիճակ է՝ կապված կորոնավիրուսային հիվանդության հետ, Զ. Մնացականյանը պատասխանեց՝ շատ վաղ շրջանում կողմնորոշվեցին, թե ինչպես կարող են արագ վերակառուցել մեր ներկայությունը նախարարությունում՝ նվազեցնելով գերատեսչությունում մարդկանց քանակը և անցնելով առցանց աշխատանքի։
«Առաջին շրջանում ամենամեծ խնդիրը կապված էր քաղաքացիների տարհանման և վերադարձի հարցերի հետ։ Եվ հիմա ինչ-որ չափով ավելի է վերականգնվում բնականոն աշխատանքի անցման փուլը։ Այստեղ մեզ համար ամենամեծ խնդիրն է՝ ինչպես ապահովել բնականոն աշխատանքը և պահպանել ռեսուրսները։ Մինչ օրս դա կարողացել ենք անել։ Այսօրվա դրությամբ ունենք 2 մեկուսացված և մի քանի ինքնամեկուսացված աշխատակից»,- տեղեկացրեց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան