Ես չգիտեմ՝ էլ ոնց բացատրեմ. Մնացականյան
«Համավարակի ընթացքում մենք ունեցել ենք մեկ վիդեոկոնֆերանս՝ երկու նախարարների և համանախագահների մասնակցությամբ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ անդրադառնալով Արցախյան հարցի շուրջ բանակցություններին։
Նրա խոսքով, բացի դրանից, նախարարությունը մշտական կապի մեջ է համանախագահների հետ, և առարկայական աշխատանքները շարունակելու համար պետք է սպասել պայմաններին, երբ հնարավոր կլինի հավաքվել և շարունակել կանոնավոր աշխատանքները։
«Իսկ հիմա ամենակարևորը պահպանելն է այն միջավայրն ու անհրաժեշտ պայմանները, որոնք չեն խոչընդոտի աշխատանքների շարունակությանը։ Հարցն առաջին հերթին վերաբերում է ռիսկերի էսկալացիայի բացառմանը»,- շեշտեց նախարարը։
Դիտարկմանը, որ ինքը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, արդյոք խոսվել է նաև վերջինիս այն հայտարարության մասին, թե Արցախյան հակամարտության կողմերին ներկայացվել են կարգավորման փուլային տարբերակ ենթադրող նախագծեր, Զոհրաբ Մնացականյանն արձագանքեց, որ իրենք բազում անգամներ անդրադարձել են այդ հարցին.
«Մենք ունեցել ենք առնվազն երեք հեռախոսազրույց։ Եվ վերջին շրջանում վիճակն այնպես է, որ հեռախոսային դիվանագիտությունը մեր աշխատանքներն իրականացնելու հիմնական գործիքն է։ Ուզում եմ հստակ կրկնել, որ մեզ մոտ օրակարգը շատ լայն է, և մենք շատ բան ունենք խոսելու։ Մենք ունենք համագործակցության մեծ ծավալ ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի և ԱՊՀ շրջանակում։ Եվ այդ հեռախոսազրույցները տեղի էին ունենում այն շրջանում, երբ մենք տեսակապի միջոցով անցկացնում էինք նախարարների հանդիպումներ։ Մենք այնքան հարց ունենք քննարկելու, որ կարծել, թե միայն հասարակության ուշադրությանն արժանացած զարգացման մասին պետք է լինի խոսակցությունը, այդքան էլ ճիշտ չէ»։
Զ. Մնացականյանը տեղեկացրեց, որ կարող են նոր հեռախոսազրույցներ ևս լինել, որոնց միջոցով հնարավոր կլինի համադրել և կանոնակարգել տարբեր հարցեր, որոնք վերաբերում են տարբեր օրակարգերի։
Նրա խոսքով, հայ-ռուսական հարաբերություններն այնքան մեծածավալ են, որ երբեմն հարց է առաջանում՝ արդյոք խնդիրներ չկան, բայց, ըստ նախարարի, եթե որևէ խնդիր չունենք, ուրեմն որևէ հարաբերություն չունենք։
«Բայց չունենք նման խնդիրներ, որոնք խորքային կամ ճգնաժամային են։ Նման հարցեր մենք չունենք, քանի որ տարբեր բանակցություններով փորձում ենք միասին գտնել լուծումներ։ Բայց հիմքում ոչ թե խորքային խնդիրներն են, այլ այն ռազմավարական գործընկերությունը, որի հիման վրա կազմվում է երկխոսության ամբողջ ծավալը։ Եվ այդ հիմքը որևէ կերպ խարխլված չէ»,- շեշտեց Զ. Մնացականյանը։
Հարցին, թե Արցախյան բանակցությունների սեղանին այժմ կա՞ որևէ փաստաթուղթ, ՀՀ արտգործնախարարը պատասխանեց՝ ես չգիտեմ՝ էլ ոնց բացատրեմ, արդեն հստակ պատասխանել եմ այդ հարցին։
Հարակից հրապարակումներ`
- Լավրով. Հայաստանի հետ ռազմական համգործակցությունը շատ սերտ է
- Մնացականյանն ու Լավրովը հեռախոսազրույցում անդրադարձել են կատարել Արցախի հիմնախնդրի խաղաղ գործընթացին
- Չալաբյան. Անկեղծ հուսով եմ, որ պարոն Լավրովի հայտարարությունը սթափեցնող ազդեցություն կունենա գործող իշխանության վրա
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան