Ռուսական վարկը հարմար չէ ատոմակայանի հետագա գործունեությունը կազմակերպելու համար, վարչապետ
«Մենք արձանագրեցինք, որ մինչև այժմ գոյություն ունեցող վարկն իր չափերով ու պայմաններով այնքան էլ հարմար չէ ատոմակայանի հետագա գործունեությունը կազմակերպելու համար և մենք հրաժարվում ենք այդ վարկի մի մասից»,- կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հավելեց, որ արդյունավետության բարձրացման խնդիր ունեն և այն ոչ միայն կառավարման, այլև էներգետիկ անվտանգության խնդիր է:
Վարչապետն այս կարծիքը հայտնեց, երբ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը զեկուցեց «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից բյուջետային վարկ տրամադրելու, Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 24-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագիծը:
Նախարարը հայտնեց, որ «Հայկական ատոմային էլեկտրակայանի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգում» ծրագրի շրջանակներում ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև 300 մլն ԱՄՆ դոլարի չափով կնքվել են 2014թ. համագործակցության մասին և վարկի տրամադրման մասին համաձայնագրերը, որից 270 մլն-ը վարկ է և 30 մլն-ը՝ դրամաշնորհ:
Սուրեն Պապիկյանի խոսքով, 2019 թվականի դրությամբ հնարավոր չի եղել ծախսել վարկի 107 մլն դոլարը, սակայն աշխատանքներն ավարտելու համար նպատակահարմար են համարում ՀՀ սեփական միջոցների հաշվին վարկավորում կատարել:
Ըստ այդմ, ծրագիրն ավարտին հասցնելու համար նախարարն առաջակում է պատվիրատուին 2020-2022թթ. ընթացքում ՀՀ պետական բյուջեից տրամադրել 63,2 մլրդ ՀՀ դրամ գումարի չափով բյուջետային վարկ, որից՝ 2020թ. 18,7 մլրդ ՀՀ դրամ, 2021թ. 31,5 մլրդ ՀՀ դրամ և 2022թ. 13 մլրդ ՀՀ դրամ:
Վարչապետը համոզմունք հայտնեց, որ այդ գործընթացում ներքին աղբյուրներից միջոցները շատ ավելի լավ պայմաններով է ներգրավվելու և ավելի է մեծացնելու կառավարության վերահսկման լծակներն վարկի օգտագործման արդյունավետության մակարդակը բարձրացնելու առումով:
Նրա խոսքով, նախկին պայմաններում Հայաստանը որոշակի սահմանափակումներ ուներ, այդ թվում՝ գնումներ իրականացնելու մասով:
Ըստ Նիկոլ Փաշինյանի, հիմա հնարավորություն կստեղծվի գնումներն իրականացնել ավելի մրցակցային պայմաններում՝ գների նվազմամբ և նրանց որակներն էլ առնվազն չեն զիջի այն ապրանքներին, որոնք ձեռք էին բերում նախկին պայմաններով:
«Երկար տարիներ Մեծամորի ատոմային էլեկտրակայանը եղել է մի օբյեկտ, որից ավելի շատ վերցրել են, քան թե տվել են՝ ամենատարբեր կոնտեքստներում և պատճառներով»,- հայտնեց վարչապետը։
Նկատելով, որ բյուջետային վարկի համար անհրաժեշտ միջոցներն ապահովելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությունը կթողարկի լրացուցիչ պետական գանձապետական պարտատոմսեր՝ նախարար Սուրեն Պապիկյանը շեշտեց. «Բյուջետային վարկը կտրամադրվի այնպիսի պայմաններով, որ առնվազն չգերազանցեն ռուսական վարկի օգտագործման դեպքում «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի կողմից վարկային միջոցների մարման և սպասարկման համար նախատեսված դրամական հոսքերը»:
Միաժամանակ տրամադրվող վարկային միջոցների նպատակային և արդյունավետ ծախսման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով, ըստ նախարարի, կստեղծվի միջգերատեսչական մրցութային հանձնաժողով:
Կարևորելով ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շինարարական աշխատանքների պատշաճ ժամանակին ավարտելը՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարն առաջարկեց հաստատել այն, ինչն էլ արվեց:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան