Այսօր մենք տեսնում ենք մեկ շաբաթ առաջվա մեր կարգապահության մակարդակը. Նիկոլ Փաշինյան
ա,Այսօրվա մեր 100 տոկոսանոց կարգապահությունը կոնկրետ թվերով արտահայտվելու է ամենաշուտը մեկ շաբաթ հետո, այսինքն՝ այսօր մենք տեսնում ենք մեկ շաբաթ առաջվա մեր կարգապահության մակարդակը»,- կառավարության այսօրվա նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ըստ վարչապետի, վարակի տարածման գործընթացում լուրջ խնդիր է հուղարկավորությունները և ընդհատակյա հարսանիքները:
Վերջինս կրկին կոչ արեց ճշգրտորեն պահպանել հակահամաճարակային կանոնները, որոնք հնարավորինս պարզ են ձևակերպել՝ կրել դիմակ, ախտահանել ձեռքերը և պահպանել սոցիալական հեռավորությունը:
Ըստ Նիկոլ Փաշինյանի, կառավարության ռազմավարությունն այն է, որ անընդհատ խստացնեն հակահամաճարակային կանոնների պահպանումը հանրության մեջ և դա են դիտում որպես համավարակի թվերի անկման հիմնական միջոց:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ հայտնեց, որ երեկ արձանագրված դեպքերի քանակը հասել է 566-ի, ի տարբերություն նախորդ օրվա 428-ի:
«Սա բացարձակ թվով, իհարկե, նշանակալի աճ է, սակայն պետք է փաստեմ, որ հետազոտությունների թիվն էլ է մոտավորապես այդան մեծ եղել: Արվել է 2233 թեստ՝ նախորդ օրվա 1751-ի փոխարեն: Դրական թեստերի թիվը նույնն է՝ 25 տոկոս, նախորդ օրվա 24 տոկոսի համեմատ»,- հայտնեց առողջապահության նախարարը:
Արսեն Թորոսյանը նշեց, որ նախորդ օրը 18 մահվան դեպք է արձանագրվել և ընդհանուր մահերի թիվը դարձել է 245:
Նախարարի խոսքով, եղել է մահճակալային ֆոնդի հարաբերականորեն կայուն ծանրաբեռնվածություն և գումարային եղել է 500 ծայրահեղ ծանր և ծանր դեպք:
Վերջինս հավաստիացրեց, որ հիմնական մեծ վերակենդանացման բաժիններում ազատ տեղեր եղել են:
Հոսպիտալացման կարիք ունեցող պացիենտների թիվն, ըստ նախարարի, առավոտյան ժամը 9-ի դրությամբ եղել է 32 հոգի, որոնցից 4-ը տանն են, մնացածն այլ հիվանդանոցներում են գտնվում, բայց պետք է տեղափոխվեն կորոնավիրուսային հիվանդանոցներ կամ բաժանմունքներ:
«Իրավիճակը, իհարկե, մնում է լարված, բայց հզորությունների զարգացմանը զուգընթաց այդ լարվածությունը կոմպենսացվում է այլ հնարավորությունների աճով՝ մեր սպասարկման ունակություններով, ինչը չի նշանակում, որ զսպողական միջոցառումները պետք է չշարունակենք ուժեղացնել»,- նկատեց Արսեն Թորոսյանը և շեշտեց, որ առաջնային խնդիրը կառավարելի իրավիճակը ինչքան հնարավոր է երկար պահելն է և թվերի անկման գնալն է:
Նախարարը գտնում է, որ եթե կարիք լինի, ապա դեպքերի զարգացմանը զուգընթաց նաև պարետի որոշումները պետք է փոխվեն:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան