ՀՀ-ն համադրում է իր քաղաքականությունը կարևոր գործընկերների հետ. Մնացականյանի պատասխանը՝ Իրանին
«Հայաստանի և Իրանի միջև հարաբերություններն ու պաշտոնական երկխոսությունը շատ ակտիվ են, ներառական և կան հստակ ծրագրեր՝ երկկողմ հարաբերությունների զարգացման համար»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով հարցին, թե կարո՞ղ է Հայաստան-Իրան հարաբերություններին վնասել հանգամանքը, որ Հայաստանում Իսրայելի դեսպանատուն է բացվել։
Հիշեցնենք, որ երկու օր առաջ՝ հունիսի 9-ին, Իրանում ՀՀ դեսպանատան դիմաց բողոքի ցույցեր էին անցկացվում՝ պահանջով, որ ՀՀ-ն խզի դիվանագիտական կապերը Իսրայելի հետ։
«Այս շրջանում բոլոր մակարդակներով մշտական երկխոսություն է ծավալվում, և ՀՀ վարչապետի ու Իրանի նախագահի միջև եղել է շատ կոնկրետ զրույց՝ ծրագրերն առաջ տանելու առումով։ Արտգործնախարարների մակարդակով պահպանվել է երկխոսությունը, մեր դիվանագիտական ներկայացուցիչը շատ ակտիվ աշխատում է Իրանում, և նույնն էլ այստեղ՝ Երևանում շատ ակտիվ աշխատում է Իրանի դիվանագիտական ներկայացուցիչը։ Ինչ վերաբերում է մնացած հարցերին, ապա ՀՀ-ն ունի իր շահերը, որոնց պետք է հետապնդի։ Եվ ՀՀ-ն երբևէ չի իրականացնելու քաղաքականություն մեկ գործընկերոջ հետ, և մենք բազում օրինակներ ունենք, թե ինչպես է ՀՀ-ն համադրում իր քաղաքականությունը կարևոր գործընկերների հետ՝ հետամուտ լինելով իր շահերին»,- շեշտեց Զ. Մնացականյանը։
Անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պայքարում ՀՀ-ին ուղղված միջազգային աջակցությանը՝ նախարարը հայտնեց, որ կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում հստակորեն հիմնվել են մեր ռեսուրսների վրա։
Նա տեղեկացրեց, որ արտգործնախարարությունը սերտ համագործակցում է պարետատան հետ։
Նրա խոսքով, այս շրջանում ՀՀ-ն ստացել է աջակցություն տարբեր կողմերից, ինչը վկայում է պետությունների համերաշխության մասին։
«Տարհանման հարցում մենք էլ ենք ուրիշներին աջակցություն ցուցաբերել։ Մենք միջազգային կազմակերպություններից և երկրներից աջակցություն ստացել ենք։ Երկրներ էլ կան, որոնք արտահայտել են իրենց պատրաստակամությունը՝ մեզ աջակցելու։ Օրինակ, ԵՄ-ն պատրաստակամությունն է հայտնել ԱլԳ երկրներին օգնելու համար։ ՄԱԿ-ի շրջանակներում կան տարբեր հարթակներ, բայց ոչ թե ՄԱԿ-ն է գումար հատկացնում, այլ նա դոնորների աջակցությամբ ֆոնդեր է ստեղծում։ Դուք հիշո՞ւմ եք Չինաստանից, երբ մենք գնում էինք սարքեր, նշում էինք, որ որոշ խմբաքանակ էլ որպես օգնություն ենք ստացել»,- տեղեկացրեց նախարարը։
Նա շեշտեց, որ հայկական կողմը գնահատում է՝ ինչ է անհրաժեշտ իրեն, ինչ կարող է ինքն իր ուժերով անել, և ինչ է ակնկալում միջազգային հանրությունից, որպեսզի էլ ավելի համալրի իր ներուժը։
Հարակից հրապարակումներ`
- Իրանագետ. Արտաքին հարաբերություններում պետք չէ առաջնորդվել սնապարծությամբ
- Բողոքի ցույց Թեհրանում՝ Հայաստանի դեսպանության դիմաց