Վանեցյան. Անգամ իմ անչափահաս երեխաների հեռախոսային խոսակցություններն են լսում
«ԱԱԾ տնօրենի աշխատանքից դուրս գալուց հետո իշխանությունները լծվեցին ինձ մեկուսացնելու գործին։ Փորձեցին ամեն ինչ՝ շինծու գործեր, մեղադրանքներ։ Իմ վերաբերյալ տարածված տեղեկություններից, ինչպես տեսաք, որևէ մեկը չհաստատվեց»,-համախոհներից մեկի հարցին ի պատասխան հայտարարեց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը Հրազդանում կուսակցության գրասենյակի բացմանը հաջորդած հանդիպման ժամանակ։
Ինչ վերաբերում է իրեն ձերբակալելու մասին հրապարակումներին, ապա Վանեցյանը հաստատեց, այո, խնդիր է դրվել իրեն ինչ-որ կերպ մեկուսացնել։
«Մտադիր էին մեկուսացնել գոնե երկու ամսով ինչ-որ շինծու գործով։ Հետո իրավապահ համակարգում երկար քննարկումներ են եղել, ինչի արդյունքում հասկացել են, որ ինձ օրինական կերպով որևէ մեղադրանք չեն կարող ներկայացնել ու այս փուլում հետ են կանգնել այդ մտադրությունից»,-մանրամասներ ներկայացրեց ԱԱԾ նախկին տնօրենը։
Նա չբացառեց, որ դա ժամանակավոր որոշում է, քանի որ այս իշխանություններից ամեն բան սպասելի է։ Վանեցյանը հայտարարեց, տոտալ վերահսկողություն են սահմանել իր հետ շփվողների նկատմամբ։
«Անգամ սկսել են իմ անչափահաս երեխաներին հետևել, հեռախոսները լսել և այլն, և այլն, և այլն։ Դա խոսում է իշխանությունների մեծ վախի մասին։ Նրանք հասկանում են, որ արդեն չունեն ժողովրդի աջակցությունը։ Այս իշխանության ապաշնորհ կառավարման ու ստերի արդյունքում կորցրել են իրենց հենարանը։ Ժողովուրդը հասկանում է, որ այսպես այլևս շարունակվել չի կարող»,-ասաց Վանեցյանը։
Կուսակցության ղեկավարն ընդգծեց՝ իրեն հնարավոր չէ վախեցնել ձերբակալությամբ կամ որևէ այլ բանով։
«Ես ընտրել եմ մի ճանապարհ ու այդ ճանապարհից մի վայրկյան հետ չեմ կանգնելու։ Մենք միասին հասնելու ենք մեր նպատակին ու ունենալու ենք այն երկիրը, որի մասին երազել ենք ու հանուն որի պայքարել ենք։ Ժամանակ չունենք, կյանքը գնում է, մենք ուզում ենք, որ մեր երեխաներն ունենան այն երկիրը, որի մասին երազել ենք։ Մեր գործը ճիշտ է, մենք անպայման հաղթելու ենք»,-նշեց նա՝ առողջություն մաղթելով ներկաներին ու նրանց ընտանիքների անդամներին։
Հարակից հրապարակումներ`
- «Հայրենիք» կուսակցությունը շուտով կներկայացնի երկրի զարգացման տեսլականը
- Արթուր Վանեցյան. Առաջիկայում մենք հասնելու ենք մեր պահանջի իրականացմանը
- Արթուր Վանեցյան. Արգիշտի Քյարամյանի նշանակումը ազգային անվտանգության սպառնալիք է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան