ԵՄ-ն ու ԱՄՆ-ն ավելացրել են ՀՀ-ին տրամադրվող ֆինանսական աջակցությունը. Մնացականյան
«2019 թվականին զգալիորեն աճել է ԵՄ-ի կողմից Հայաստանին տրամադրվող ֆինանսական աջակցությունը»,- խորհրդարանում այսօր հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։
Նրա խոսքով, վերջին շրջանում հատկապես գնահատելի է ԵՄ-ի կողմից ՀՀ-ին տրամարվող աջակցությունը՝ կորոնավիրուսի և դրա բերած սոցիալ-տնտեսական հետևանքների դեմ պայքարի ուղղությամբ։
Այս առնչությամբ, նախարարն առանձնացրեց ոչ միայն եվրոպական երկրների հետ հարաբերությունների զարգացման դինամիկան, այլ նաև Հայաստան-Հունաստան-Կիպրոս համագործակցության եռակողմ հարթակի ձևավորումը, որն արդեն իսկ գործնականում ի ցույց է դրել իր ներուժն ու կարողությունները։
Նախարարը տեղեկացրեց, որ ՀՀ-ին տրամադրվող օժանդակությունը 2019 թվականին շուրջ 40%-ով մեծացրել է նաև ԱՄՆ-ը։
«Մեզ համար շատ կարևոր է նաև մեր երկու անմիջական հարևանների՝ Վրաստանի և Իրանի հետ հարաբերությունների և համագործակցության զարգացումը։ Վերջինս նպաստվում է էներգետիկ և տրանսպորտային փոխկապակցվածության ընդլայմանն ու դիվերսիֆիկացմանը։ Այս համագործակցությունն առավել կարևորվում է կորոնավիրուսի դեմ պայքարի այս ժամանակաշրջանում՝ ի ցույց դնելով մարտահրավերների հասցեագրման գործում մեր փոխկապակցվածությունը»,- ներկայացրեց Զ. Մնացականյանը։
Նրա խոսքով, տարին ակտիվ է եղել նաև Ասիա-խաղաղօվկիանոսային տարածաշրջանի երկրների հետ բարձրաստիճան շփումների և բազմաբնույթ համագործակցությունների առումով.
«Հատկապես կարևոր է մեր համագործակցությունը Չինաստանի, Հնդկաստանի և Ճապոնիայի հետ։ Այս պետությունների հետ համագործակցության ոլորտում ունենք շոշափելի արդյունքներ»։
Ըստ նախարարի, Մերձավոր արևելքի երկրների հետ հարաբերությունների զարգացումը ևս ՀՀ-ի համար օրակարգային է։
Նրա խոսքով, այդ տարածաշրջանում տեղի ունեցող քաղաքական իրադարձությունները ՀՀ-ի հետաքրքրությունների շրջանում են։
«Մենք պաշտոնապես արձագանքել ենք Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակին։ ԱԳՆ կողմից օրերս եղավ պաշտոնական հաղորդագրություն նաև Լիբիայում տեղի ունեցող իրավիճակի վերաբերյալ»,- շեշտեց ՀՀ ԱԳ նախարարը։
Հիշեցնենք, որ խորհրդարանը քննարկում է արտաքին հարաբերություններին ուղղված 2019 թվականի պետական բյուջեի կատարողականը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան