Այս պահին անհատ սպառողների համար գազի գինը չի թանկանալու. փոխվարչապետ
«Ես պարոն Ծառուկյանի առաջարկով եմ դարձել փոխվարչապետ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով ԲՀԿ հայտարարությանը, թե կառավարության կազմը պետք է հարյուր տոկոսով փոխվի։
Նրա խոսքով, եթե լինեն փաստարկներ, որ կառավարությունը ձախողել է, ապա դրանք կքննարկվեն, իսկ միայն հայտարարությունը չի կարող լինել դիսկուրսի թեմա։
Հարցին, թե կորոնավիրուսային հիվանդության ահագնացող թվերը և ներդրումների կրճատումը արդյո՞ք հիմնավոր փաստեր չեն, Մ. Գրիգորյանը պատասխանեց՝ այսօր ողջ աշխարհում է նույն վիճակը։
Դիտարկմանը, որ թեև կառավարությունն անընդհատ նշում է, թե առողջապահության նախարարությունն ամեն ինչ անում է, հենց ինքը՝ առողջապահության նախարարը երեկ ուղիղ եթերում ներողություն էր խնդրել երբեմն հապաղելու համար, Մ. Գրիգորյանն արձագանքեց՝ շատ զարգացած երկրներում խոսում են այն մասին, որ ի վերջո, կատարված միջոցառումների և կարանտինային ռեժիմի մասին գնահատականներ պետք է տալ որոշ ժամանակ անց։
«Կա փորձագիտական թեզ, որ օրինակ՝ կոշտ կարանտինը տալիս է դրական արդյունք, բայց այն դադարեցնելուց հետո հետևանքները շատ ավելի ծանր են լինում։ Օրինակ, ես չեմ կարող ասել՝ դա այդպես է, թե ոչ, բայց կարող եմ ասել՝ այդպիսի փորձագիտական եզրահանգում էլ կա։ Այդ իմաստով մինչև մենք չչեզոքացնենք պանդեմիայի երևույթը, չենք կարող գնահատականներ տալ։ Իհարկե, գոնե ապագայի համար պետք է հասկանալ, թե ինչ է սա նշանակում, և ինչպես է պետք դրա դեմ պայքարել։ Կարծում եմ, որ ուղղակի դրա մասին ոչ թե պետք է խոսել այն ժամանակ, երբ պանդեմիան դեռևս կա, այլ, երբ դա կվերանա։ Ես վստահ եմ, որ դա կվերանա, ու կկարողանանք խոսել պատճառների մասին, ինչպես նաև կասենք՝ քայլերը դրական ազդեցություն ունեցան, թե՞՝ ոչ»,- շեշտեց փոխվարչապետը։
Նա հիշեցրեց, որ կորոնավիրուսային պանդեմիան դեռ ոչ մի երկրում չի վերացել, ուստի այլ երկրների հետ համեմատվելու տարբերակ էլ չկա՝ նշելու համար, թե ինչպես արդյունավետ պայքար մղվեց։
Այնուամենայնիվ, փոխվարչապետը վստահեցրեց, որ կառավարությունն ամեն ինչ անում է, որպեսզի նվազեցվի կամ զրոյացվի պանդեմիայի ցանկացած ազդեցություն։
Դիտարկմանը, որ նախորդ ամիս ինքը նշել էր, թե գազի գինը չի թանկանա, իսկ ՀԾԿՀ նախագահի խոսքով, գազի գինը կբարձրանա, Մ. Գրիգորյանն արձագանքեց՝ այս պահին անհատ սպառողների համար գազի գինը չի թանկանալու, և այդ իմաստով կան բավարար ռեսուրսներ, որպեսզի ֆիզիկական անձանց համար գնի փոփոխություն չլինի։
«Այո, ես հիմա էլ եմ դա ասում։ Ինչ վերաբերում է գազի ընդհանուր գնին, ապա, եթե սահմանին գազի գնի փոփոխություն տեղի չունենա, կարծում եմ, որ այլ սպառողների համար ոչ էական չափով թանկացման հավանականություն կա»,- ընդգծեց փոխվարչապետը։
Հարակից հրապարակումներ`
- Տարբեր «սոցիալական» խմբերի համար գազի գինը տարբեր կլինի
- ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը։ գազի գնի բարձրացման անհրաժեշտություն է տեսնում