Գազի գնի ընդհանուր շուկան նախատեսված է ձևավորել 2025 թվականից. Քոչարյան
«ԵԱՏՄ-ն նպատակ է սահմանել՝ կապված էներգակիրների հետ»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։
Նրա խոսքով, այդ նպատակը հիմքում այն է, որ անդամ երկրների համար հավասար պայմաններ լինեն և տնտեսվարողները կարողանան նույն գնով ստանալ գազ։
«Իրականում նախատեսվում է գազի գնի ընդհանուր շուկան ձևավորել 2025 թվականից, բայց այդ ուղղությամբ շատ ինտենսիվ բանակցություններ են ընթանում։ Նպատակն այն է, որ լինի ընդհանուր շուկա, քանի որ ինքնարժեքի մեջ էներգակիրներն իրենց ներդրումն ունեն, ու ստացվում է, որ անհավասար պայմաններում են։ Հիմա կա մի պայմանավորվածություն՝ ՌԴ-ն բոլոր սուբյեկտներին վաճառելու է գազը նույն գնով։ Սա արդեն մի քայլ առաջ է։ Այտեղ խնդիրն արդեն վերաբերում է գազի տրանզիտին, այստեղ մենք խնդիր ունենք, որը դեռ չի լուծվել։ Արձանագրենք, որ երկու պետություն հանդիսանում է էներգակիր արտահանող՝ Ղազախստան և Ռուսաստան, իսկ երեք պետություն՝ ներկրող»,- ներկայացրեց Շ. Քոչարյանը։
Ըստ նրա, միասնական էներգետիկ շուկայի ձևավորումը ենթադրում է որոշակի կոնկրետություն, որը սակայն, դեռ չկա։
«Բնական է, որ բանակցությունները շարունակվում են։ Դա այն նուրբ խնդիրն է, որտեղ կան շատ լուրջ շահեր, և պետք է արձանագրել, որ շատ անգամ անդամ պետություններն ինչ-որ չափով գերի են դառնում մենաշնորհ ունեցող կազմակերպությունների ձեռքում։ Այս դեպքում ՌԴ-ում կան կազմակերպություններ, որոնք ունեն մենաշնորհ, և ամեն դեպքում ցանկանում են իրենց գերշահույթը պահպանել՝ նույնիսկ այն պայմաններում, երբ համաշխարհային գներն անկում են ապրում»,- շեշտեց ՀՀ արտգործնախարարի տեղակալը։
Հարակից հրապարակումներ`
- Ընդամենը 4%-ով է գազի գինը բարձրանալու, բայց ոչ բոլորի համար. փոխվարչապետ
- Այս պահին անհատ սպառողների համար գազի գինը չի թանկանալու. փոխվարչապետ