Հետկորոնավիրուսային ծրագրի համար տրամադրված 92 մլն դրամից 27-ը հատկացվելու է ՓՄՁ-ին. փոխվարչապետ
«ԵՄ կողմից 2019 թվականին ՓՄՁ ոլորտին աջակցություն է ցուցաբերվել։ Ես կուզեի, որ անդրադառնաք այդ ծրագրերի ճակատագրին»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը՝ դիմելով ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին։
Պատասխանելով պատգամավորի հարցին՝ Մ. Գրիգորյանն ասաց, որ 2020 թվականի հետկորոնավիրուսային ծրագրի համար տրամադրված 92 մլն դրամից 27-ը հատկացվելու է ՓՄՁ-ին։ Նրա խոսքով, այս պահին ծրագրի օպերատորը կլինի «BRD»- ն։
«Տրամաբանությունը սկզբում եղել է էներգախնայողությունը, այսինքն՝ ծրագիրը ֆիքսված է եղել դրա վրա, բայց դա չի նշանակում, որ այն սահմանափակ հասանելիության հնարավորություն ունի։ Այդ էներգախնայողություն կոչվածը նաև ենթադրում է, որ եթե ՓՄՁ սուբյեկը ձեռք է բերում նոր սարքավորում, դա ինքնին նշանակում է, որ էներգախնայողությանը միտված քայլ է։ Բայց հիմա ԵՄ մեր գործընկերներն իրենց կողմից ընտրված օպերատորի հետ ճշգրտում են պայմանները, որպեսզի այս 27 մլնը տրամադրվի ոչ նեղ էներգախնայման մանդատով, այլ նաև մի քիչ ընդլայնվի»,- շեշտեց Մ. Գրիգորյանը։
Նրա խոսքով, ԵՄ-ի հետ բոլոր ծրագրերը ՀՀ-ն կկոնսոլիդացնի, և 2020 թվականի համար կլինի ՓՄՁ ոլորտի միասնական ծրագիր, որպեսզի նաև դյուրացվեն գործընթացները։
Փոխվարչապետն անկեղծացավ՝ վարկերի տրամադրման գործընթացը բավականին ծանր է, և պայմանավորվածություն կա այնպիսի ձևաչափ սահմանելու, որպեսզի գումարն արագ մտնի շուկա և հասնի իրական հատվածի ՓՄՁ ընկերություններին։
Արձագանքելով՝ Կ. Սիմոնյանը նշեց՝ կան գրանտային ծրագրեր, որոնց համար գումարի իրացման մենք չենք հասել. «Ուզում եմ հասկանալ՝ այն ծրագրերը, որոնք չեն եղել 2019 թվականի բյուջեում, կարո՞ղ են 2020 թվականի ծրագրում ներառվել, եթե գումար մնացել է»։
Պատասխանելով հարցին՝ փոխվարչապետն ասաց՝ կա ծրագիր, որտեղ ԵՄ-ը մասնակցում է, և տնտեսվարողները հնարավորություն ունեն իրենց կապիտալիզացիայի խնդիրը լուծելու։
«Մենք պետք է ուշադիր լինենք, թե հետկորոնավիրուսային շրջանում ինչպես է դա իրականացվում, քանի որ դա ճիշտ ձևավորված գործառույթ է՝ ներդրումային ֆոնդի միջոցով ներդրումներ անելը, բայց ամեն դեպքում դիվերսիֆիկացիայի խնդիր ես տեսնում եմ։ Բայց մենք ցանկանում ենք ԵՄ մեր գործընկերների հետ քննարկել մի ձևաչափ, որտեղ փոքր ներդրումներն էլ ներառվեն։ Իսկ գրանտային մասով ես էլի կնայեմ, քանի որ չեմ ուզում դեֆորմացված ինֆորմացիա տալ։ Բայց վստահ եմ, որ այդ ամենը սահուն տեղափոխվել է 2020 թվական»,- մեկնաբանեց փոխվարչապետը։
Հարակից հրապարակումներ`
- ԵՄ-ն ու ԱՄՆ-ն ավելացրել են ՀՀ-ին տրամադրվող ֆինանսական աջակցությունը. Մնացականյան
- 16 մլրդ 435 մլն դրամ գումար է ծախսվել արտաքին հարաբերությունների զարգացման համար
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին