Հանքշահագործման իրավունքի տրամադրման 50 տարվա ժամկետը փոխարինվում է 25 տարվա
«Առաջարկվում է ընդերքի ռացիոնալ օգտագործման նպատակով հնարավորինս բացառել հանքավայրերի և տեղամասերի մասնատումը և պաշարները տրամադրել ողջ հաշվեկշռային ծավալով»,- ներկայացնելով Ընդերքի մասին օրենսգրքում և կից նախագծերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը՝ կառավարության նիստում հայտնեց նախարար Սուրեն Պապիկյանը:
Նախարարի խոսքով՝ նախկինում եղել են դեպքեր, երբ հաստատված պաշարը բաժանվել է մի քանի հատվածների, ինչը հնարավորություն է տվել ավելի բարձր արդյունավետություն ունեցող հատվածներն օգտագործել, իսկ ավելի ցածր տոկոսայնություն ունեցողները՝ թողնել: Ըստ նրա, Հանքավայրի շահագործման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կբացառվեն նման երևույթները:
Սուրեն Պապիկյանը հայտնեց, որ արդյունահանման թույլտվություններ կտրամադրվեն միայն այն հանքավայրերի դեպքում, որտեղ մետաղականի համար վերջին 5 տարվա ընթացքում գնահատվել ու հաստատվել են պաշարներ, իսկ ոչ մետաղականի դեպքում՝ վերջին 10 տարվա ընթացքում:
Որոշման արդյունքում, ըստ նախարարի, ցանկացած ներդրող կպարտավորվի համապատասխան ուսումնասիրություններ իրականացնել, քանի որ Հայաստանում բոլոր ուսումնասիրությունները հիմնականում 50-ականներին են կատարվել:
Նախարարը հայտնեց, որ օրենսդրական փոփոխությամբ հանքի շահագործման իրավունքի տրամադրման 50 տարվա առավելագույն ժամկետը կփոխվի 25 տարվա, իսկ ոչ մետաղականների համար առավելագույն ժամկետը կսահմանվի 15 տարին:
Փոփոխություններում սահմանվում է, որ ընդերքօգտագործման գրավադրումն այսուհետ իրականացվի, ոչ թե տեղեկացմամբ, այլ նախապես համաձայնության ստացման ընթացակարգով և դրա համաձայնությունը կտրվի այն դեպքում, եթե գրավի հիմքով ձեռք բերված գումարը օգտագործվի ընդերքշահագործման և ընդերքօգտագործողի պարտավորությունները կատարելու նպատակով:
Մինչև 500 հազար տոննա արտադրողականության պարագայում, ըստ Սուրեն Պապիկյանի, պարտադրվելու է պինդ պոչհանքերի տեխնոլոգիայի կիրառումը, դրանից ավելիի դեպքում պարտադիր է ջրի փակ շրջանառու համակարգի կիրառումը:
«Վերընթաց պոչամբարները պետք է բացառվեն՝ հաշվի առնելով, որ Հայաստանը սեյսմիկ անկայուն տարածաշրջանում է գտնվում»,- եզրափակեց Սուրեն Պապիկյանը: