Պարո՛ն վարչապետ, դուք շատ եք խաղում մարդու բարոյական արժանապատվության հետ. Սամսոնյան
«Հաճախ չարաշահվել է այն հանգամանքը, որ արտակարգ դրության ժամանակ կարող են սահմանափակվել մարդու մի շարք իրավունքներ»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։
Նրա խոսքով, օրինակ, խախտվել է մարդու տեղեկատվություն ստանալու իրավունքը, ու թեև իշխանությունը բողոքում է, որ ապատեղեկատվական հոսքերը խանգարում են համավարակի դեմ պայքարում, այնուամենայնիվ իշխանությունը հենց առաջինն է եղել, որ քաղաքացիներին ապատեղեկատվություն է տվել։
Ըստ պատգամավորի, հենց իշխանությունն էր, որ սկզբում ասում էր՝ կորոնավիրուսը վտանգավոր չէ, հետո հասարակությանը սարսափեցնում էր նույն կորոնավիրուսի համավարակով, կամ նախ ասում էր, որ դիմակ դնելը պարտադիր չէ, ապա մարդկանց պարտադրում՝ դնել դրանք։
«Բացի այդ խորհրդարանը պետությանը տվեց մարդկանց տեղորոշման իրավունք՝ տալով նաև հնարավորություն հավաքագրելու մարդկանց անձնական տվյալները, թե ում հետ է տվյալ անձը շփվել, որտեղ է եղել, ինչ հեռախոսազանգեր է ստացել։ Եվ փաստորեն մենք թույլ տվեցինք, որ պետությունը մուտք գործի նաև մարդու անձնական կյանքի տարածք։ Եվ այսօր կանգնել ենք մի խնդրի առաջ, որ մարդու անձնական տվյալները պաշտպանված չեն, քանի որ կառավարության տարբեր օղակներից կարող են արտահոսել տարբեր անձնական, բժշկական տվյալներ, և ինչու չէ, կարող է օրինակ, նախարարի մակարդակով նման տվյալներ հրապարակվի սոցցանցերում»,- նշեց պատգամավորը։
Ա. Սամսոնյանը հիշեցրեց, որ առաջին անգամ արտակարգ դրության հայտարարելուց հետո 30 օր ժամկետով սահմանափակումներ դրվեցին ԶԼՄ-ների վրա, և փորձ էր արվում չարաշահել այդ սահմանափակումներն ու գրաքննության ենթարկել լրատվամիջոցները։
Ըստ պատգամավորի, այն մարդիկ, որոնք այսօր փորձում են իրենց բողոքի ձայնն արտահայտել, հայտնվում են ոստիկանության բաժիններում, թեև ակնհայտ է, որ նրանք հավաքներ չեն կազմակերպել։ Բայց և այնպես, այդ մեկ-երկու հոգին, որոնք խորհրդարանի կամ կառավարության շենքի առաջ կանգնած պահպանում են սոցիալական հեռավորությունն ու դիմակ դնելու կանոնները, ինչպես նաև ոստիկանի հետ շփման կարգը, միևնույն է, հայտնվում են ոստիկանության բաժիններում։
«Եվ եթե պետությունը համավարակի ընթացքում չի հոգացել մարդկանց սոցիալ-տնտեսական կարիքների իդեալական լուծումը, ի՞նչ պետք է անի մարդը։ Եթե մենք այդ հարցը փորձում ենք խորհրդարանից բարձրացնել, հուզվում եք, թե ինչու ենք մենք խոսում հարյուր հազարավոր քաղաքացիների անունից։ Եվ այո, այսօր կան մարդիկ, որ չեն տեղավորվում այդ սևերի տրամաբանության մեջ, ու նրանք ունեն բողոք։ Այդ մարդիկ կարող են հայտնվել կառավարության և ԱԺ շենքի դիմաց ու հայտնել իրենց բողոքը։ Այդ դեպքում իրենք հավաք չեն իրականացնում»,- ասաց պատգամավորը։
Ա. Սամսոնյանը հստակեցրեց՝ իրենք չեն ենթադրում, որ ոստիկանությունը պետք է լինի թույլ կամ ոստիկանները չպետք է արձագանքեն այն դեպքում, երբ իրենց օրինական պահանջը չի կատարվել։ Բայց այժմ կառավարությունը խրախուսում է ոստիկանության կիրառած ոչ իրավաչափ մեթոդները։
«Ինձ մոտ տպավորություն է, որ Ձեր՝ ասֆալտին փռելու այլաբանական հայտարարությունները դառնում են իրականություն։ Եվ ուզում եմ խոսել նաև մարդու մասնավոր կյանքի անձեռնխելիության մասին։ Համավարակը ցույց տվեց, որ չեք կարող հարգել քաղաքացու անձնական կյանքի և արժանապատվության իրավունքը։ Սկզբում քավության նոխազ դարձավ մի կին, որը ձեր բացթողումների պատճառով դարձավ վարակակիր։ Իսկ հետ մարդկանց լուսանկարները հայտնվեցին սոցցանցերում, պարոն վարչապետ։ Ես հասկանում եմ՝ դուք ուզում եք, որ մարդիկ հետևեն կարգուկանոնին, բայց նրանց արժանապատվության ու բարոյական նվաստացման ճանապարհով մենք դրան չենք հասնելու։ Եվ վերջում, պարոն վարչապետ, ես կարծում եմ, որ դուք շատ եք խաղում մարդու բարոյական արժանապատվության հետ»,- եզրափակեց խոսքը Անի Սամսոնյանը։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան. Կառավարությունում եղել են մի քանի պաշտոնանկություններ՝ կապված հանձնարարականների չկատարման հետ
- Փողը ձեռքներս չենք կարողանում հզորություններն ավելացնելու համար սարքավորումներ ձեռք բերել. վարչապետ
- Թանդիլյան. Բուժաշխատողներն արդեն բախվում են սոցիալական խնդիրների
- Ոստիկանությունն իրավունք ունի իրավաչափ ուժ կիրառելու. Աբրահամյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան