Արցախում պետբյուջեի միջոցներով կապիտալ ներդրումների պատվերը կատարվել է ավելի քան 99%-ով
ԱՀ 2019թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հունիսի 12-ին քննարկվել է ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը:
Նիստը նախագահել են Վլադիմիր Կասյանը և Արթուր Հարությունյանը:
Ներկայացնելով Գյուղատնտեսության նախարարությանը նախորդ տարվա բյուջեով հատկացված գումարը՝ նախարար Աշոտ Բախշիյանը նշել է, որ ծրագրերի և միջոցառումների համար տրամադրվել է շուրջ 5 մլրդ 255 մլն դրամ, այդ թվում՝ գյուղնախարարության աշխատակազմի պահպանման ծախսը 197 մլն դրամ, սննդամթերքի անվտանգության աշխատակազմի պահպանման համար՝ 90 մլն դրամ: Իրականացվել է 17 ծրագիր:
Քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը, ներկայացնելով քաղաքաշինության նախարարության 2019թ-ի գործունեության մասին հաշվետվությունը, փաստել է, որ կապիտալ ներդրումների պետական պատվերի սկզբնական ծավալը նախատեսված էր 17 մլրդ 911 մլն 800 հազ դրամ, որը դեկտեմբերի կեսին կազմել է 22 մլրդ 710 մլն 755 հազ դրամ, կամ լրացուցիչ նախատեսվել է 4 մլրդ 798 մլն 955հազ դրամ:
Նախարարի փոխանցմամբ՝ ընդհանուր առմամբ, 2019թ-ի պետական բյուջեի միջոցների հաշվին կապիտալ ներդրումների պատվերը կազմել է շուրջ 23,9 մլրդ դրամ, որը կատարվել է ավելի քան 99%-ով:
էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանի փոխանցմամբ՝ նախարարության կողմից 2019թ-ին հաստատվել է 14 ծախսային ծրագիր՝ 3 մլրդ 554 մլն 231 հազ դրամի չափով: Տարվա ընթացքում ճշտված պլանը կազմել է 4 մլրդ 10 մլն 231 հազ դրամ, հաստատվել է մեկ եկամտային ծրագիր՝ 12,5 մլն դրամի չափով, ինչպես նաև հաստատվել է շուրջ 180 մլն դրամի չափով պետական տուրքի գանձման պլան:
Բնապահպանական կոմիտեի նախագահ Ֆելիքս Գաբրիելյանը, ներկայացնելով բնապահպանության ոլորտի նախորդ տարվա բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը, նշել է որ 2019թ-ին ոլորտին հատկացվել է 362մլն դրամ, որից փաստացի ծախսվել է 340 մլն 964 հազ դրամ: Իրականացվել է 8 ծրագիր:
Տարածքային քաղաքականության իրագործման և տեղական ինքնակառավարման համակարգի գործունեության արդյունավետության բարձրացմանը 2019թ-ի պետական բյուջեից հատկացվել է 3մլրդ դրամ: Տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանի հաղորդմամբ՝ կատարվել են ընթացիկ նորոգումներ, բարեկարգման և կոմունալ տնտեսության գծով Արցախի Հանրապետության շրջանների կարողության զարգացմանն ուղղված միջոցառումներ:
Օրվա երկրորդ կեսին շարունակվել է ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը:
Հանձնաժողովների քննարկմանն է ներկայացվել կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի 2019թ-ի պետական բյուջեի կատարման հաշվետվությունը:
Կոմիտեի նախագահը նշել է, որ նախորդ տարի կադաստրի վարչության կողմից նախատեսվել էր 3 ծրագիր՝ առաջինը քարտեզագրության, գեոդեզիայի, հողաշինարարության և անշարժ գույքի գնահատման կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից, իսկ երկուսը՝ վարչության կողմից: «Համայնքների կադաստրային քարտեզների և հողային հաշվետվությունների կազմման, պետական և համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքի չափագրման, ոռոգվող հողերի գույքագրման և անշարժ գույքի շուկայի վերլուծության ժողովածուների տպագրության համար 2019թ-ի պետական բյուջեով նախատեսվել է 68մլն դրամ»,- գեոդեզիայի ՊՈԱԿ-ի կատարած աշխատանքների մասին ամփոփ տեղեկատվություն է ներկայացրել կոմիտեի նախագահ Կարեն Շահրամանյանը: Վերջինս, այնուհետև անդրադառնալով վարչության կողմից կատարված աշխատանքներին, հաղորդել է, որ նախատեսված գումարը՝ կազմել է 15,1 մլն դրամ, կատարողականը՝ 4,2 մլն դրամ:
ԱՀ տարածքի 1x10000 մասշտաբի տեղագրական քարտեզների թարմացման աշխատանքների համար, կոմիտեի նախագահի փոխանցմամբ, նախատեսվել է 200 մլն դրամ, կատարողականը՝ 178,4 մլն դրամ:
Անշարժ գույքի կադաստրի վարչության բաժինների կողմից մատուցվող ծառայություններից պետական տուրքը 2019թ-ին պլանավորվել է 180մլն դրամ, հավաքագրվել է 322,6 մլն դրամ: Պլանը գերակատարվել է 79,2%-ով:
Անդրադառնալով Պետական գույքի կառավարման վարչության կողմից կատարված աշխատանքներին՝ Կարեն Շահրամանյանը նշել է, որ մարմիններին ամրացված և սեփականություն հանդիսացող գույքի հաշվեկշռային ընդհանուր արժեքը կազմել է 114 մլրդ 232 մլն 222 հազ դրամ: