Սեղմ ժամկետներում պետք է շրջանառենք լրատվական դաշտը կարգավորող օրենք. Աղաջանյան
«Համավարակն ավելի ցցուն ձևով ցույց տվեց, թե ինչ է կատարվում ՀՀ տեղեկատվական դաշտում՝ ապատեղեկատվության առումով»,- ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նման կարծիք հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը՝ դիմելով ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին։
Նրա խոսքով, վարչապետի աշխատակազմը պետք է երկու ուղղությամբ գործողություններ իրականացնի՝ քաղծառայողների պատրաստման, և տեղեկատվական դաշտի արդիականացման.
«Մենք ականատես եղանք, որ կորոնավիրուսի վերաբերյալ որոշ բժիշկներ իրենց իսկ մասնագիտությանը դեմ տեղեկատվություն էին տարածում»։
Արձագանքելով պատգամավորի խոսքին՝ Է. Աղաջանյանը հայտնեց, որ իրենք պարբերաբար քննարկում են տեղեկատվական դաշտում տիրող իրավիճակը, և այդ համատեքստում նաև դիտարկվում է հանրային իրազեկման և տեղեկատվական ՊՈԱԿ-ի գործունեությունը։
«Խնդիրն այն է, որ որոշ դեպքերում այդ կառույցից սպասելիքները մեծ են, ու սպասում ենք, որ այդ կառույցը պետք է լուծի ֆեյք նյուզի հարցը։ Բայց ՊՈԱԿ-ը պետք է մնա իր հիմնական գործառույթների շրջանակներում։ Ինչ վերաբերում է ապատեղեկատվության դեմ պայքարին, ապա ես օրեր առաջ արդարադատության նախարարի հետ քննարկում եմ ունեցել, և պայմանավորվել ենք, որ առավել սեղմ ժամկետներում պետք է շրջանառենք լրատվական դաշտը կարգավորող օրենք, որը կդրվի հանրային քննարկման։ Մեր պատկերացմամբ՝ ֆեյք նյուզի խնդրի լուծման միակ ճանապարհը օրենսդրությունն է։ Եվ պետք է լինի հանրային քննարկում»,- շեշտեց Է. Աղաջանյանը։
Ինչ վերաբերում է քաղծառայողների խնդրին և այդպիսի մասնագետներ պատրաստող ՀՀ պետական կառավարման ակադեմիային, ապա Է. Աղաջայնաը հայտնեց, որ երեկ ՀՀ ՊԿԱ-ի հետ կապված քննարկում է եղել։
«Ես համաձայն եմ, որ ակադեմիայի ծրագիրն արդիականացման կարիք ունի, շատ հստակ կադրային փոփոխությունների անհրաժեշտություն կա։ Եվ մենք քննարկում էինք մեխանիզմները, որոնց ներդրման արդյունքում կկարողանանք այդ մեխանիզմները իրականացնել։ Այսինքն՝ մեր ուշադրության կենտրոնում է նաև այդ հարցը»,- տեղեկացրեց նա։