Ասյա Օվանյան. Համավարակի դեմ պայքարում անլրջության դրսևորումներից մեկը
Փաստաբանների պալատի անդամ, «Իմ Ձայնը» նախագծի անդամ Ասյա Օվանյանն իր հոդվածում գրում է.
«ԱՆ ՔԿՀ-ներում կա COVID-19-ի հաստատված դեպքեր, մասնավորապես՝ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում պահվող դատապարտյալներից մեկի և նույն ՔԿՀ-ի հինգ աշխատակցի մոտ։ Աշխատակիցները մեկուսացվել են, իսկ դատապարտյալը տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց»։
Այս մասին երկու օր առաջ տեղեկացրել է Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետը՝ հավելելով, որ այլ ՔԿՀ-ներում պահվող դատապարտյալների կամ կալանավորների շրջանում վարակի հաստատման դեպքեր չկան: Ըստ լրատվամիջոցների, սակայն, ՔԿՀ-ներում կա հաստատված 29 դեպք աշխատակիցների շրջանում՝ Երևան-Կենտրոն ՔԿՀ-ում 48 աշխատակցի թեստավորման արդյունքում 2 աշխատակցի թեստի արդյունքներն են դրական, Վարդաշեն ՔԿՀ-ում 9 դեպք է գրանցվել և այլն։ Սա ահազանգ է։
Արդարադատության նախարարի համոզմամբ, կանխարգելման միջոցառումները, որոնք իրականացվում են քրեակատարողական ծառայության և արդարադատության նախարարության կողմից, արդյունք են տալիս։ Ըստ նախարարի մյուս բոլոր երկրներում, որտեղ հրատապ միջոցառումներ են իրականացրել համաներմամբ ազատ արձակելու և այլ գործողությունների մասով, դրանք ընդամենը պայմանավորված են նրանով, որ ՔԿՀ-ներում 100 տոկոսից ավելի է ծանրաբեռնվածությունը: Նախարարի կարծիքով մեզ մոտ այս պահի դրությամբ քրեակատարողական հիմնարկն ամենաանվտանգ տեղն է կորոնավիրուսի տարածման առումով…Սակայն թվերն այլ բան են վկայում։
Նույնպիսի մոտեցում ուներ նաև դատավոր Դանիբեկյանը՝ երբ մերժեց Քոչարյանի համավարակով պայմանավորված խափանման միջոցը փոխելու միջնորդությունը՝ պնդելով, որ նման խնդիր չկա, նա մեկուսարանում միայնակ է, և որ կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվելու բարձր ռիսկի համար հիմքեր չկան, մասնավորապես ավելի բարձ, քան ազատության մեջ գտնելու դեպքում։
Մինչդեռ ՔԿՀ-ներում հաստատված դեպքերը բոլորովին այլ պատկեր են ներկայացնում։
Ուզում ենք մեկ անգամ ևս հիշեցնել, որ համավարակով պայմանավորված միջազգային չափորոշիչները, սկզբունքները, մոտեցումները հստակ են՝ ուղղված առավել խոցելի և ռիսկային խմբերի, այդ թվում՝ քրեակատարողական հիմնարկներում գտնվողների իրավունքների պաշտպանությանը՝ առանց ծանրաբեռնվածության ցուցանիշներին հղում անելու։
Տարբեր պետություններում, առաջնորդվելով այս սկզբունքներով, դրսևորելով մարդասիրական մոտեցում, ՔԿՀ-ներում գտնվող բազմաթիվ անձանց ազատել են կալանքից։ Սկզբունքը եղել է խտրականության բացառումը՝ հիմք ընդունելով տարիքային և առողջական առանձնահատկությունները։ Իսկ մեզ մոտ, բացառությամբ հատուկենտ որոշումների, որոնք, սակայն, շատ փոքր թիվ են կազմում, ազատության սահմանափակումները չվերացվեցին։ Արդյունքը տեսնում ենք։
Կորոնավիրուսի տարածման առաջին իսկ օրվանից իշխանությանը հորդորում էինք, որ պետք է օր առաջ քայլեր ձեռնարկել՝ բեռնաթափել քրեակատարողական հինարկները։ Նման շտապողականությունն բացատրում էինք նրանով, որ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համաճարակն անսովոր մարտահրավերներ է ստեղծել աշխարհի բոլոր երկրների համար։
Մեծ մարտահրավեր է հատկապես ազատությունից զրկվածների համար, այդ թվում՝ ոստիկանության ձերբակալվածների պահման վայրերում, քրեակատարողական հիմնարկներում, և այլ փակ հաստատություններում, քանի որ պետությունը պոզիտիվ պարտականություն է կրում ՔԿՀ-ներում գտնվողների իրավունքների պաշտպանության հարցում։
Սա համավարակի դեմ պայքարում անլրջության դրսևորումներից մեկն է։ Այս պայմաններում, երբ առնվազն ռիսկային խմբում գտնվող անձանց մասով րոպե առաջ չի փոփոխվում կալանավորումը, դրանով իրավասու մարմինները ոչ միայն արժեզրկում են մարդու իրավուքները, այլև իրենց վրա են վերցնում ողջ պատասխանատվությունը ազատազրկման վայրում գտնվող յուրաքանչյուր անձի կյանքի և առողջության համար»։