Երկրորդ անգամ հարկադրված պարապուրդի մատնված մարդիկ կկարողանա՞ն կրկին աջակցություն ստանալ
«Թվով քսան սեզոնային աշխատանք ենք մշակել, որոնցով կարող են զբաղվել ընտանեկան կամ սոցիալական նպաստի շահառուները»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։
Նրա խոսքով, այդ դեպքում մարդիկ կունենան աշխատանքի հնարավորություն՝ չզրկվելով իրենց հատկացված նպաստից։ Նախարարը տեղեկացրեց, որ 100-ից ավելի նպաստառուներ այժմ սեզոնային զբաղվածության մեջ են ընդգրկվել։
Հարցին, թե մեկուսացված քաղաքացիներին աջակցելու որևէ ծրագիր մշակվո՞ւմ է նախարարությունում, Զ. Բաթոյանը պատասխանեց՝ անաշխատունակության նպաստի մասին է խոսքը։
«Այս իմաստով մենք քննարկել ենք, և համաձայն ենք ինքնամեկուսացված անձանց ֆինանսական աջակցություն տրամարդել..., սակայն դեռևս որոշակի հաշվարկներ են իրականացվում»,- շեշտեց նա։
Դիտարկմանը, որ տնտեսական սահմանափակումների վերացումից հետո ևս կան տնտեսվարողներ, որոնք երկրորդ անգամ հարկադրված պարապուրդի են մատնվել, մասնավորապես Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրիկան, որի 2000-ից ավելի աշխատակիցներն անաշխտավարձ են մնացել, հնարավո՞ր է նրանք երկրորդ անգամ օգտվեն աջակցության ծրագրերից, նախարարն արձագանքեց՝ մեր ծրագրերը շարունակվում են, և վերսկսել ենք քննարկումները սոցիալական աջակցություն տրամադրելու վերաբերյալ. «Այդ հնարավորությունները կքննարկվեն։ Ինչ վերաբերում է այս ոլորտին, ապա իրենք կարող էին օգտվել տնտեսական աջակցության ծրագրերից և վարկավորման հնարավորությունից։ Որևէ նոր բան ասել չեմ կարող։ Չեմ բացառում, որ երկրորդ անգամ պարապուրդի մատնված մարդիկ կկարողանան երկրորդ անգամ աջակցության ծրագրից օգտվել, բայց չեմ կարող հստակ բան ասել այս պահին»։
Դիտարկմանը, որ վերջերս շրջանառվում են լուրեր, թե աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությում աշխատանքի են անցնում Զ. Բաթոյանի հարազատները, նախարարը արձագանքեց՝ իմ ազգականներից որևէ մեկը չի աշխատում նախարարությունում։
«Ինչ վերաբերում է իմ քրոջ տեգորը, ապա նա համապատասխանում է ֆինանսական վարչության պետի պաշտոնի անձնագրի բոլոր պահանջներին։ Եվ ինքն իմ ազգականը չի։ Նա դեռ ժամանակավոր պաշտոնակատար է»,- շեշտեց նա։
Հարցին՝ ինչո՞ւ հաշմանդամություն ունեցող անձանց համար սոցիալական աջակցության որևէ ծրագիր չեղավ, Զ. Բաթոյանը պատասխանեց՝ կառավարության ծրագրերը պայմանավորված են մարդու աշխատելու և չաշխատելու հանգամանքով, և սոցիալական խմբերին ուղղված աջակցությունն այլ կերպ է տրամադրվել.
«Դրանք եղել են անհրաժեշտ միջոցների տրամադրման տեսքով՝ պարեն, ախտահանող նյութեր։ Եվ հաշմանդամություն ունեցող անձինք ևս կարող օգտվել կառավարության ծրագրերից, եթե համապատասխանում են կառավարության սահմանած պայմաններին»։
Հարցին՝ ինչպես եղավ, որ հիվանդությունը ներթափանցեց տարեցների տուն-ինտերնատ, Զ. Բաթոյանը պատասխանեց՝ վարկածներից մեկով տարեցների խնամքի տանը եղած մարդկանցից մեկը տեղափոխվել է հիվանդանոց և այնտեղից վերադառնալուց մի քանի օր հետո իր մոտ բարձր ջերմություն է նկատվել, ջերմել է նաև նրա սենյակակիցը։ Արդյունքում՝ երկուսի մետ էլ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդություն։
«Մենք ունենք դեպեքեր նաև մանկատանը, բայց միևնույն է, չենք կարող որևէ կերպ խնդիրն ամբողջությամբ լուծել։ Հիմա բոլոր միջոցառումներն իրականացվել են, ու բարեբախտաբար, Նորքի տուն-ինտերնատում վարակի տարածումը կանխվել է»,- նշեց նախարարը։
Հարակից հրապարակումներ`
- 12.06.2020 թ. Կորոնավիրուսով 17 հիվանդ է մահացել
- Վարչապետն այցելեց «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց, զրուցեց հիվանդների հետ
- Նորքի տուն ինտերանտի տարեցներից մեկը կորոնավիրուսի հետևանքով մահացել է