Որքա՞ն գումար է ծախսել ՀՀ վարչապետի աշխատակազմը 2019-ին
«Նախորդ տարվա ընթացքում վարչապետի աշխատակազմի 13 ծրագրերի 64 միջոցառումներից իրականացվել են 10 ծրագրեր և 53 միջոցառումներ»,- խորհրդարանում ասաց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ ներկայացնելով 2019 թվականին իրականացրած ծախսերը։
Նրա խոսքով, վերոնշյալ ծրագրերի իրականացման նպատակով 2019 թվականի պետական բյուջեով հատկացվել է 14 մլրդ 507 մլն 99 հազար դրամ գումար, որից վարկային երկու միջոցառումների վարկային միջոցներով է տրամադրվել 1 մլրդ 130 մլն 631 հազար դրամը։ Համաֆինանսավորվել է 179 մլն 726 հազար դրամը։
«Դրամաշնորհային հինգ միջոցառումներից էլ երեքն են կատարվել։ Դրանց համար դրամաշնորհային միջոցները կազմել են 28 մլն 415 հազար դրամ, համաֆինանսավորմամբ էլ տրամադրվել է 3 մլն 342 հազար դրամ գումար։ 2019 թվականին քննարկումների արդյունքում «Աջակցություն մարդասիական ծրագրերին» և «Հանրային կարծիքի ուսումնասիրություններ» ծրագրերի իրականացումը նպատակահարմար չի համարվել և հատկացված համապատասխանաբար 10 մլն և 123 մլն 278 հազար դրամի միջոցները գրեթե ամբողջությամբ վերաբաշխվել են այլ ծրագրերի միջև»,- տեղեկացրեց Է. Աղաջանյանը։
Նրա խոսքով, 2018 թվականին վարչապետի աշխատակազմի ավտոմեքենաների թիվը կազմել է 90, որոնց քանակը 2019 թվականին կրճատվել է 44-ով, այդ թվում կրճատվել է վարորդի 30 հաստիք, և խնայվել է շուրջ 65 մլն դրամ։
«Նշեմ, որ 44 ավտոմեքենաների կրճատման արդյունքում մնացյալ 46-ից միայն 7 ավտոմեքենաներն են ծառայողական նպատակով օգտագործվում։ Մնացած մեքենաներն ավտոբուսներ և միկրոավտոբուսներ են, որոնք ամենօրյա ռեժիմով չեն օգտագործվում»,- նշեց նա։
Ըստ է. Աղաջանյանի, վարչապետի աշխատակազմում հաստիքների թիվը 300-ից դարձել է 700:
«Տեսչական մարմինների համակարգման գրասենյակի, անվտանգության խորհրդի գրասենյակի, մարդու իրավունքների եվրոպական դատարանի գրասենյակի, ինչպես նաև սփյուռքի գրասենյակի՝ վարչապետի աշխատակազմին միանալու արդյունքում է հաստիքների թիվն աճել։ Դրան գումարվել է ևս 1200 տեսչական մարմիններ կադրային գնումների և հաշվապահության գործը։ Այս ամբողջ գործառույթը մենք իրակնացնում ենք՝ յուրաքանչյուր ստորաբաժանմանը երեք հաստիք ավելացնելով»,- շեշտեց Է. Աղաջանյանը։