Ավետիք Իշխանյան. Ակցիա իրականացնողներին բերման ենթարկեցին ոստիկանության անօրինական պահանջը չկատարելու համար
Ազգային Ժողովի շենքի դիմաց «միայնակ ակցիա» իրականացող քաղաքացիների հետ հանդիպման իջավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը։ Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանի հետ զրույցում տեղեկացել է ակցիայի պահանջին, այն է՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին վերադարձնել խաղաղ հավաքների ազատությունը։
Կոստանյանը նշեց, չեն կարող հերքել, որ այս պահին վարակը տարածվում է, ակցիա իրականացնողներին կոչ արեց պահպանել համաճարակով պայմանավորված սահմանված կանոնները, խոստացավ նախագծի քննարկման ժամանակ անդրադառնալ իրավաբաններ Ռուբեն Մելիքյանի, Լարիսա Ալավերդյանի, Ռոբերտ Հայրապետյանի բարձրացրած հարցերին։
Լրագրողների հետ զրույցում ընդդիմադիր պատգամավորը ակցիայի մասնակիցների ու այլ քաղաքացիների դժգոհությունն արդարացի է համարում։
«Քննարկումները տեղի կունենան 13։00-ին, որի ժամանակ մենք կբարձրացնենք մեր ու քաղաքացիների մտահոգությունները։ Հույս ունեմ, որ սթափ քննարկումներ կլինեն, քանի որ արտակարգ դրության երկարաձգումը խաղ ու պար չէ, քանի որ այն խոչընդոտում է ոչ միայն քաղաքացիների ազատ տեղաշարժին, այլև տնտեսությանը»,-ասաց Կոստանյանը։
Նա անտեղի է համարում ևս մեկ անգամ արտակարգ դրության երկարաձգումը, քանի որ այդ պայմաններում էլ վարակակիրների թիվն ավելանում է։
Մինչ պատգամավորը զրուցում էր լրագրողների հետ, ԱԺ շենքի դիմաց եկավ իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։
«Ես եկել եմ դիտորդություն անելու, որ չխախտվեն ակցիայի մասնակիցների իրավունքները»,-ասաց նա։
Իշխանյանի խոսքով, հավաքի արգելքն արդեն Հայաստանում դառնում է անհամաչափ, ասաց՝ իրենք առաջարկել են թույլ տալ հավաքներ՝ կանոնների խիստ պահպանմամբ, պահպանելով սոցիալական հեռավորությունը, կրելով դիմակներ և այլն։
«Չեմ ուզում քաղաքական մեկնաբանություններ անել, բայց աշխարհում ժողովրդի ամենամեծ վստահությունը վայելող իշխանությունը ժողովրդավարական երկրում իրավուք չունի արգելքներ դնել մարդու իրավունքների արժեքների վրա։ Սա իմիջիայալոց գերազանցիկների համար»,-նշեց նա։
Այդ ընթացքում ոստիկանը բարձրախոսով հիշեցնում էր, որ արտակարգ դրության պայմաններում հավաքներն արգելված են, ոստիկանությունը պահանջում է դադարեցնել հավաքի անցակացումը, այն չդադարեցնելու դեպքում, ոստիկանությունը կիրականացնի հարկադրանքի միջոցներ, ոստիկանությանպահանջները կկատարողները կիրականացվեն պատասխանատվության։
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը մեկնաբանելով ոստիկանության պահանջը, նկատեց, ինքը հետևում է նրանց գործողություններին, հիշեցրեց, ակցիան հավաք չէ, այլ միայնակ բողոք է։
«Սա հավաք չէ, և խաղաղ է»,-ասաց նա։
Ոստիկանությունը բերման ենթարկեց Ռուբեն Մելիքյանին ու միայնակ ակցիա իրականացնող ևս մի քանի քաղաքացիների։
Ոստիկանության գործողություններին հետևած Ավետիք Իշխանյանը հայտարարեց՝ սա հանրային հավաք չէր, սա առանձին մարդկանց բողոք էր, և ոստիկանությունը մարդկանց բերման ենթարկեց ոստիկանության անօրինական պահանջը չկատարելու համար։
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանը պահանջեց դադարեցնել ԱԺ շենքի դիմաց իրականացվող «միայնակ ակցիան»
- Ռուբեն Մելիքյանը, Լարիսա Ալավերդյանը «միայնակ ակցիա» են իրականացնում ԱԺ դիմաց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան