Հրանտ Դինքի հիմնադրամին սպառնալիքներ ուղարկած 2 անձի մինչև 26 տարի ազատազրկում է սպառնում
Հրանտ Դինքի կնոջ՝ Ռաքել Դինքին և Հրանտ Դինքի անվան հիմնադրամի իրավաբանին ուղարկված սպանության սպառնալիքով նամակների գործով Ստամբուլի հանրապետական գլխավոր դատախազությունը պաշտոնապես հետաքննություն էր սկսել։
Էրմենիհաբերը գրում է, որ դատախազության կողմից իրականացված քննության արդյունքում 18 էջից բաղկացած մեղադրական եզրակացություն է կազմվել։ Եզրակացության մեջ նշված է 9 հայցվորի անուն, այդ թվում՝ Հրանտ Դինք հիմնադրամի ղեկավարների և հիմնադրամի փաստաբան Ֆեթհիյե Չեթինի անունը։
Ըստ այդ եզրակացության՝ Հյուսեին Աթեշին, որը մինչ այդ Քոնյայում ձերբակալվելուց հետո տեղափոխվել էր Ստամբուլ, այնուհետև՝ կալանավորվել, Դինքի հիմնադրամի ինստագրամյան էջին 3 առանձին սպառնալից մեկնաբանություն էր կատարել։ Աթեշի նկատմամբ պահանջվում է 7․5 - 26 տարի 3 ամիս ազատազրկում։ Նա մեղադրվում է «շղթայաբար չստորագրված նամակի կամ հատուկ նշանների միջոցով սպառնալիք հնչեցնելու» հոդվածի հատկանիշներով։
Մյուս կասկածյալը՝ էրսին Բաշքանը, որը մայիսի 30-ին հիմնադրամի էլեկտրոնային հասցեին սպառնալից նամակ էր ուղարկել, մեղադրվում է վերոհիշյալ հոդվածի հատկանիշներով։ Նրա նկատմամբ պահանջվել է 2․5- 8 տարի 9 ամիս ազատազրկում։
Աղբյուրի հաղորդմամբ՝ եթե ընդունվի այս մեղադրական եզրակացությունը, ապա Աթեշին և Բաշքանին կդատեն Ստամբուլի առաջին ատյանի դատարանում։
Հիշեցնենք, որ Ստամբուլում գործող Հրանտ Դինքի հիմնադրամը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ անհայտ անձը կամ անձինք մայիսի 27-28-ին հիմնադրամի էլեկտրոնային հասցեին սպառնալից նամակ են ուղարկել, որում տեղ են գտել պնդումներ, թե Հրանտ Դինք հիմնադրամը «եղբայրության հեքիաթներ» է պատմում։ Նամակի հեղինակները սպառնացել էին սպանել Հրանտ Դինքի այրուն՝ Ռաքել Դինքին և հիմնադրամի իրավաբանին։
Մայիսի 30-ի գիշերը հիմնադրամի էլեկտրոնային հասցեին ևս մեկ սպառնալից նամակ էր ուղարկվել։
Հարակից հրապարակումներ`
- Ռաքել Դինքին ուղարկված սպառնալից նամակը նման է Հրանտ Դինքի սպանությունից առաջ ուղարկված նամակներին
- Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամասթը 9 ամսից կարող է ազատ արձակվել
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան