Ինչո՞ւ ավելի վաղ չէիք ներգրավում մարզային հիվանդանոցները՝ COVID-19-ի դեմ պայքարում. Սամսոնյան
«Դուք նշում եք, որ կորոնավիրուսի խնդիրը կապված է սոցիալական պատասխանատվության հետ»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ դիմելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Պատգամավորը շեշտեց, որ այսօր ՀՀ-ում կա մի տխուր իրականություն, որ կորոնավիրուսով վարակված քաղաքացիները ստիպված են սպասել մինչև հիվանդանոցներում տեղ ազատվի.
«Մարդիկ հիվանդանոցներում հերթերի մեջ են, և դա ավելի շատ է բացասաբար ազդում նրանց առողջական և հոգեբանական վիճակի վրա։ Վերջերս դուք ուրախությամբ արձանագրում էիք, որ կորոնավիրուսի դեմ պայքարի կենտրոններին միանում են նաև մարզային ԲԿ-ները՝ օրինակ՝ Մարտունու, Սպիտակի, Վեդու կենտրոնները։ Դրանք, փաստորեն միանում են պայքարին՝ չորրորդ անգամ արտակարգ դրություն հայտարարելու շեմին։ Դուք չե՞ք հարցրել առողջապահության նախարարին, թե ինչու մինչ օրս մարզային հիվանդանոցները պատրաստ չեն եղել՝ որպես «COVID կենտրոններ» և ամբողջ բեռը մնացել է Երևան քաղաքի վրա»։
Արձագանքելով Ն. Փաշինյանն ասաց. «Ես դա հարցնելու կարիք չունեմ, որովհետև պատասխանը գիտեմ... որովհետև դրա պահանջն ու պահանջարկը չի եղել։
Եվ երկրորդ, մեր ընկալումը եղել և շարունակում է լինել այն, որ կորոնավիրուսով հիվանդները տարանջատվեն մյուս հիվանդներից։ Դա անում ենք, որպեսզի մյուս հիվանդանոցներում, որտեղ պատշաճ մեկուսացման հնարավորություն չկա, կորոնավիրուսը չտարածվի այլ հիվանդների շրջանում, քանի որ նրանք ևս ռիսկային խմբում են, և այդտեղ կարող է պրոբլեմներ առաջանան։ Հետևաբար, նոր հիվանդանոցներ ներգրավելիս պետք է շատ զգույշ լինել ընտրություն կատարելիս, որպեսզի վիրուսից այլ հիվանդություններ ունեցող ծանր, ծայրահեղ ծանր, վիրահատական, հետվիրահատական վիճակում գտնվող մարդկանց պաշտպանենք»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։
Ըստ վարչապետի, պետք է շարժվել այն տրամաբանությամբ, որ այդ բաժանումը պահպանվի։ Թեև նա չբացառեց, որ կարող է լինել պահ, երբ կարիքներից և անհրաժեշտություններից ելնելով, այլևս հիվանդանոցների տարանջատում չլինի։
Արձագանքելով Ա. Սամսոնյանն ասաց, որ հենց ինքը՝ վարչապետն է արձանագրել՝ եթե վիճակն այսպես շարունակվի, խնդիրներ են լինելու և վարակակիրների թիվը մեծանալու է։
«Դուք մեկ ամիս առաջ ասում էիք՝ համավարակի խնդիրը խորանում է, բայց աշխատանքները սկսում եք հիմա։ Ինձ համար դա տարօրինակ է»,- նշեց Ա. Սամսոնյանը։
Ն. Փաշինյանն էլ պատասխանեց՝ աշխատանքներն իրականացվել են անդադար, բայց տեմպը կախված է եղել իրավիճակից։
«Եթե մենք հիմա հարյուր միլիոնավոր դոլարներ ծախսենք հիվանդանոցային կարիքները հոգալու և հզորություններ ծավալելու համար, որոնց կարիքը չլինի, հաջորդ անգամ գալու եք ասեք՝ բա էս հարյուր միլիոնավոր դոլարներն ինչի՞ համար եք ծախսել, կամ ասելու եք՝ մի րոպե, այս կապալառու ընկերությունն ո՞ւմ քավորն է, ընկերն է, ո՞ւմ է փողոցում հանդիպել։ Չենք կարող անվերջ ծավալել առողջապահական համակարգը, որովհետև մի «իքս» պահի այդ հնարավորություններն ավարտվելու են»,- եզրափակեց խոսքը Ն. Փաշինյանը։
Հիշեցնենք, որ խորհրդարանը քննարկում է արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելու մասին կառավարության որոշումը։
Հարակից հրապարակումներ`
- Ուրիխանյան. Իմ հարցերի ժամանակ ծիծաղելու ավանդույթը թարգեք, տրագեդիայից եմ խոսում
- Չկարողացանք ճիշտ սահմանը գտնել՝ ինչքան հանգստացնել մարդկանց, ինչքան՝ խուճապ տարածել. վարչապետ
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան