14:56 12/06/2020 Հայաստան

Փաստաբաններ. Անհրաժեշտ է անհապաղ ազատ արձակել ապօրինի ազատությունից զրկված Ռուբեն Մելիքյանին

«Հանրային իրավունքի զարգացման և իրավական փորձաքննությունների բյուրո» ՀԿ համահիմնադիրներ Արթուր Ղամբարյանը և Թամար Շաքարյանը տարածել են համատեղ հայտարարություն «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանի վարչական ձերբակալման վերաբերյալ։

««Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հավաքը երկու կամ ավելի անձանց խաղաղ և առանց զենքի ժամանակավոր ներկայությունն է որևէ վայրում` հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ ընդհանուր կարծիք ձևավորելու կամ արտահայտելու մտադրությամբ: Իսկ 6-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` հավաքի մասնակից է այն անձը, որը հավաքի անցկացման ժամանակ գտնվում է հավաքի վայրում` հավաքին մասնակցելու նպատակով:
Փաստական հանգամանքների ուսումնասիրությունը թույլ է տալիս նշելու, որ իրավական տեսանկյունից առերևույթ բացակայում է հավաքի (երկու կամ ավելի անձանց...) անցկացման փաստը, հետևաբար այս պայմաններում նաև չի կարող լինել տվյալ հավաքի մասնակից, որին ներկայացվում է հավաքը դադարեցնելու պահանջ:

Ոստիկանության ծառայողի պահանջի օրինականության գնահատման համար անհրաժեշտ է այդ պահանջի համապատասխան իրավական հիմքերի և դրսևորված փաստացի վարքագծի համադրում. տվյալ դեպքում, եթե իրավասու մարմինը չհիմնավորի հավաքի անցկացման փաստը, ապա հավաքը դադարեցնելու պահանջը չի կարող լինել օրինական: Հետևաբար, ոչ օրինական պահանջին չենթարկվելու համար անձին ազատությունից զրկելը նույնպես կհամարվի ապօրինի:

«Հանրային իրավունքի զարգացման և իրավական փորձաքննությունների բյուրո» ՀԿ գտնում է, որ տվյալ իրավիճակում, այսինքն` հավաքի անցկացման փաստի առերևույթ բացակայության և ոստիկանության ծառայողի պահանջի օրինականության հիմնավորվածության համատեքստում անհրաժեշտ է անհապաղ ազատ արձակել ապօրինի ազատությունից զրկված Ռուբեն Մելիքյանին:

Միևնույն ժամանակ, դատախազությունը պետք է իրացնի սահմանադրությամբ և օրենքով վերջինիս վերապահված պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության լիազորության շրջանակներում իրեն վերապահված` ազատությունից զրկվելու վայրում ապօրինի պահվող անձին անհապաղ ազատ արձակելու իրավունքը»,-ասված է հայտարարության մեջ։


 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}