2019 թվականին առողջապահության նախարարությունը ծախսել է 97.6 մլրդ դրամ
Մեկնարկել է ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որտեղ քննարկվում է 2019 թվականի պետական բյուջեի կատարողականը՝ առողջապահության և սոցիալական ոլորտներում։
Նիստի մեկնարկին ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը տեղեկացրեց, որ 2019 թվականին պետական բյուջեի ընդհանուր ծախսերը կազմել են 1 տրիլիոն 629 մլրդ դրամ, կամ ճշտված ծրագրի՝ 92.4%-ը։
«Այս ցուցանիշը նախորդ տարվա համեմատ մոտավորապես 182 մլրդ դրամով ավելի է 2018 թվականի տվյալներից։ Պետք է նկատի ունենալ մի հանգամանք ևս, որ այսպիսի կատարման աստիճանը նաև պայմանավորված է արտաքին աջակցության ծրագրերով, որոնք ունեն տեսակարար կշիռ մեր պետական ծախսերի կառուցվածքում»,- նշեց ֆինանսների նախարարը։
Նա ասաց, որ 2019 թվականին առողջապահության նախարարությունը ծախսել է պետական բյուջեից հատկացված 97.6 մլրդ դրամ, կամ ճշտված ծրագրի 96%-ը։ Ընդ որում, տարեկան ծրագիրը մոտ 89 մլրդ դրամ է եղել։
«Սկզբնական ծագրի հետ համեմատած 100%-ից ավելի է կատարողականը։ Հարկ է նկատել, որ 2018 թվականի համեմատ 22%-ով աճել են առողջապահության բնագավառի հատկացումները։ Ընդհանուր առմամբ, նախարարությունն իրականացրել է 64 միջոցառում՝ բյուջետային 12 ծրագրերի վերջնարդյունքներին հասնելու համար»,- շեշտեց նախարարը։
Ա. Ջանջուղազյանը տեղեկացրեց նաև, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բյուջեն սկզբնական ծրագրով ունեցել է շուրջ 444.5 մլրդ դրամ մեծություն, ապա տարվա ընթացքում այն ճշգրտվել է՝ կազմելով 465.5 մլրդ դրամ։ Փաստացի օգտագործվել է հատկացված գումարի շուրջ 97.5%-ը։
«Բայց սա չի նշանակում, որ որևէ վճարում, որը պետք է իրականացվեր, չի արվել։ Չկա որևէ ստանձնած պարտավորություն, որը չի կարատվել։ Ընդհանուր առմամբ, իրականացվել են 121 միջոցառումներ»,- նշեց նախարարը։
Հարակից հրապարակումներ`
- 2019 թվականին մենք որակյալ շինարարության կարիք ենք ունեցել. Սուրեն Պապիկյան
- 2019-ին տարածքային զարգացման ծրագրի շրջանակներում ծախսվել է 60.3 մլրդ դրամ. նախարար
- Մենք ունենք մոտավորապես 1.3 մլրդ դոլար միջազգային աջակցություն. Ջանջուղազյան