Փողը ձեռքներս չենք կարողանում հզորություններն ավելացնելու համար սարքավորումներ ձեռք բերել. վարչապետ
«Մասսայական թեստավորումը բերում է ամենալավ արդյունքին, ի՞նչ ենք անում մենք այս ուղղությամբ»,- խորհրդարանում նման հարց հնչեցրեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը։
Նա տեղեկացրեց, որ օրինակ Ուկրաինայում մայիսի 15-ից սկսել են մասսայական թեստավորումներ իրականացնել, իսկ ահա Հարավային Կորեայում դեռ փետրվարից էր այդ գործընթացը սկսվել, և այնտեղ կարողացան հաղթահարել համաճարակը։
Պատասխանելով պատգամավորի հարցին՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ զանգվածային թեստավորումը հնարավորությունների հարց է, այն բավականին բարդ գործընթաց է։
«Նաև հզորությունների հարց կա։ Ընդ որում, երեկ առողջապահության նախարարը խորհրդակցության ընթացքում ասաց՝ փողը ձեռքներս չենք կարողանում հզորություններն ավելացնելու համար սարքավորումներ ձեռք բերել։ Փողի խնդիր չկա, բայց ամբողջ աշխարհում այդ ապրանքների շատ մեծ դեֆիցիտ կա, և հերթի մեջ կանգնած պետք է սպասենք, որ կարողանանք դրանք ձեռք բերել։ Հիմա, ըստ էության, մենք այս պահին, ամեն օր, բացի կիրակիներից, որ ավելի քիչ ենք անում, մյուս օրերին անում ենք 2290 թեստ։ Սա մեր եզրագիծն է»,- ներկայացրեց վարչապետը։
Նա նշեց, որ եթե ինքն այսօր ստորագրի, որ վաղվանից պետք է մասսայական թեստավորում իրականացվի, ու իմանա, որ դա տեղի կունենա, հենց հիմա կստորագրի, բայց դա հնարավորությունների հարց է։
«Մենք ֆինանսական խնդիր չունենք, պետք է մեր հզորությունները զարգացնենք։ Ընդունում եմ Ձեր ասածը, մենք ամեն օր քննարկում ենք թեստավորման ծավալները մեծացնելու հարցը։ Տեսեք, Հարավային Կորեան մեկ մլն բնակչության հաշվով արել է 21 հազար թեստ, Ուկրաինան՝ 10 հազար թեստ, իսկ մենք 25 հազար թեստ։ Նկատի ունեմ, լուրերից միշտ չէ, որ լիարժեք տեղեկատվություն է գալիս։ Բայց էլի եմ ասում, Ձեր մտքերը կիսում եմ, ու ինչքան շատ անենք, այնքան լավ։ Եթե ասիմպտոմ հիվանդն իմանա, որ վարակված է, ավելի զգույշ կլինի, որ իր հարազատներին չվարակի։ Եվ մենք հիմա ամեն ինչ անում ենք, որ այդ խնդիրը կարողանանք լուծել։ Այդ համատարած թեստավորում ասածը հարաբերական է, քանի որ կարող ենք օրական մինչև 10 հազար թեստ անել, բայց չենք կարող մի շաբաթում ամբողջ բնակչությանը թեստավորել»,- ասաց վարչապետը։
Հարակից հրապարակումներ`
- Թանդիլյան. Բուժաշխատողներն արդեն բախվում են սոցիալական խնդիրների
- Ինչո՞ւ ավելի վաղ չէիք ներգրավում մարզային հիվանդանոցները՝ COVID-19-ի դեմ պայքարում. Սամսոնյան
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան