Կարեն Վրթանեսյան.Պետք է հետաքննություն արվի՝ պարզելու, ինչպես են տվյալները հայտնվել ադրբեջանցիների մոտ
Ադրբեջանցի հաքերի կողմից կորոնվիրուսով հիվանդ հայաստանցիների ու նրանց հետ շփում ունեցած անձանց տվյալների հրապարակման վերաբերյալ Panorama.am-ը զրուցել է հայ-ադրբեջանական կոնֆլիկտի քարոզչական հարցերի մասնագետ, բլոգեր, «Զորակն» հիմնադրամի հիմնադիր Կարեն Վրթանեսյանի հետ։
Panorama.am- Պարոն Վրթանեսյան, փաստորեն ադրբեջանցի հաքերի ձեռքում են հայտնվել կորոնավիրուսով հիվանդ ու նրա հետ շփում ունեցած 3500 հայաստանցիների տվյալներ։
Վրթանեսյան- Այդքանը հրապարակվել է, բայց արդյոք դա ամբո՞ղջն է, հնարավոր է շատ ավելի մեծ ինֆորմացիա կա նրանց ձեռքում ու առայժմ այսքանն է հրապարակված։ Դեռ վստահ չենք կարող պնդել։ Պետք է հետաքննություն արվի՝ պարզելու, թե ինչպես են այս տվյալները հայտնվել ադրբեջանցիների մոտ։
Panorama.am- Մի քանի օր առաջ հրապարակվեցին կորոնավիրուսի հետևանքով մահացած անձանց տվյալները։ Սա արդյո՞ք սթափեցնող չպետք է լիներ տվյալները տիրապետողների համար։
Վրթանեսյան- Անկեղծ ասած, ես չեմ հասկանում, թե մահացած մարդկանց տվյալներն ինչո՞ւ է խնդիր։ Ես այստեղ խնդիր չեմ տեսնում, հանրային կարևորության հարց է։ Անձնական տվյալների պաշտպանության հետ կապված խնդիր ես այստեղ չեմ տեսնում։
Panorama.am- Խնդիրն այն է, որ տվյալները չեն հրապարակվել դրանք տիրապետող մարմնի կողմից։ Արտահոսք է եղել։
Վրթանեսյան- Այո, ընդհանրապես Հայաստանում, ինչ այս համավարակը սկսել է, ինձ համար անհասկանալի է այն, որ անձնական տվյալների պաշտպանության ներքո բավականին լուրջ հետևում են, որ կարևոր ինֆորմացիայի որևէ արտահոսք չլինի։ Չկան ստույգ տվյալներ թեստերի մասին, քանի՞ թեստ է արվել, ի՞նչ գնով են դրանք ձեռքբերվել, նույնսիկ երբ լրատվամիջոցները հարցումներ են անում, դրանք չեն տրամադրվում։ Հասկանանք, եթե ցանկացած ինֆորմացիայի հրապարակմանը ցավագին են մոտենում, ասելով, թե դրանք փակ են և այլն, և այլն, բայց միաժամանակ չեն կարողանում անձնական տվյալները պաշտպանեն այնպես, որ դրանք հայտնվում են ադրբեջանցիների ձեռքում, ստացվում է՝ միակ չիրազեկվողը Հայաստանի ժողովուրդն է։
Մինչ այսօր չի հրապարակվել հստակ ինֆորմացիա, թե որտե՞ղ են մեկուսացածները պահվել ու պահվում, ի՞նչ պայմաններով, ինչո՞ւ են ընտրվել հենց այդ հյուրանոցները, արդո՞ք բաց մրցույթ է հայտարարվել։ Որևէ մի տեղ նման բան չեմ հիշում։ Գնային քաղաքականությունն ինչպե՞ս է որոշվել, սկզբում եթե հիշում եք, ինչ ճոխ էին պահում հիվանդներին՝ ծաղիկներ, տորթիկներ, հետո այս ամեն ինչը շատ կտրուկ փոխվեց՝ ընդհուպ մարդկանց շպրտում են դուրս, ասում են՝ գնացեք տներով, ոնց կարող եք ինքնամեկուսացեք։ Բավականին շատ հարցեր կան, կարծում եմ, կա նաև լրագրողների թերացումը, նրանք չպետք է վախենան իշխանություններին տհաճ հարցեր տալ։
Panorama.am- Վերադառնալով հաքերային հարձակման թեմային՝ Դուք ծանոթացել եք տվյալներին։ Ասում են՝ հիմնականում Արմավիրի մարզի բնակիչների տվյալներ են հրապարակված։ Դա ինչի՞ մասին է խոսում, միգուցե մարզի հիվանդանոցի կամ մարզպետարանի համակարգիչներից մեկն է կոտրվել։
Վրթանեսյան- Շատ հնարավոր է, որ տեղային ինչ-որ կետից է եղել արտահոսքը։ Բայց ցանկացած դեպքում պետք է ասել, որ համակարգում անվտանգության խնդիր կա։ Սա նաև նշանակում է, որ հեռախոսների միջոցով մարդկանց տեղաշարժին հետևելու միջոցով հավաքած անձնական այն տվյալները, որոնք ստանում էին իշխանությունները ու հավաստիացնում, որ ամեն ինչ նորմալ է, պաշտպանված չեն։
Panorama.am- Ի դեպ, ծրագիրը մշակողների վերաբերյալ հարցումներին պարետատունը չէր պատասխանել՝ նշելով, որ նրանք կամավորներ են ու չեն ցանկանում, որ իրենց անունները հրապարակվեն։
Վրթանեսյան- Բայց դա հանրային կարևորության խնդիր է, հանրությունը պետք է իրազեկվի, արդյո՞ք այդ մարդիկ ունեն համապատասխան փորձ։ Եթե դրա պատասխանը չկա, ապա կարող են լինել հիմնավոր կասկածներ, որ ինչ-որ հերթական թայֆայական, ընկերական խումբ է։ Ցանկացած դեպքում, խոսքը շատ կարևոր տվյալների մասին է, դրա նկատմամբ վերաբերմունքը պետք է լուրջ լինի։
Panorama.am- Ո՞ր հաքերային խմբի կողմից է կատարվել հարձակումը, ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ նման տվյալների ձեռք բերումն ու հրապարակումը թշնամի երկրի կողմից։
Վրթանեսյան- Հրապարակողը ադրբեջանական հայտնի հաքեր է, որը մասնագիտանում է ֆեյսբուքում հայերի պրոֆիլների կոտրելով, առևանգելով և այլն։ Այս պահին դժվար է ասել, հենց ի՞նքն է եղել կոտրողը, թե՞ չէ։ Այս պահին ակնհայտ է, որ նա կապ ունի Ադրբեջանի իշխանությունների հետ։
Ինչ վերաբերում է վտանգներին, կրկին ասեմ, պարզ չի, թե հրապարակվածն ամբո՞ղջ տվյալներն են, թե՞ ոչ։ Տվյալների հրապարակումը վկայում է , որ ինչ-որ տեղ անվտանգության առումով կոպիտ ասած «բաց դռներ» են եղել։ Թե ի՞նչ խնդիր է, արդյո՞ք այն արդեն գտել են, վերացրե՞լ են այն, թե՞ ոչ։ Բավականին շատ հարցեր են, էլ չասեմ, որ մարդկանց անձնական տվյալներ են, թե ո՞վ ումից է վարակվել։ Վտանգավոր է, եթե նույնիսկ համացանցից այս տվյալները ջնջվեն, դրանք շարունակելու են մնալ Ադրբեջանի հատուկ ծառայությունների ձեռքում։
Panorama.am- Հայաստանցիների տվյալների հրապարակման մասին հայտնի դարձավ երեկ։ Մինչ այս պահը որևէ պետական մարմին չի արձագանել։ Ձեր կարծիքով, ինչո՞վ է պայմանավորված նրանց լռությունը։
Վրթանեսյան- Մենք տեսնում ենք, որ իշխանությունները գերադասում են իրենց անհարմար փաստերին չարձագանքել, ցավոք սրտի։ Ցանկացած դեպքում բացատրություններ պետք են, պետք է պահանջել բացատրություններ։ Հատկապես պետք է հիշեցնեմ, որ վերջերս շատ եղան խնդրահարույց, վիճահարույց օրինագծերի քննարկումներ գաղտանլսումների մասին, գաղտնալսելու հնարավորություն ունեցող կառույցների ցանկը մեծացավ։ Ունենալով հսկայական ծավալի շատ զգայուն, անձնական ինֆորմացիա, այս դեպքում տեսնում ենք, որ իշխանությունների մոտից արտահոսք է եղել։ Նշանակում է, որ ոչ մի երաշխիք չկա, որ ինֆորմացիան պաշտպանված է։
Եթե մի քիչ էլ քաղաքականացնենք, ապա մենք տեսանք, որ վարչապետի ընտանիքին պատկանող թերթում ցուցադրաբար, առանց վարանելու հրապարակվեց ընդդիմադիր կուսակցության ղեկավարի մասին արտահոսք եղած ինֆորմացիան։ Եթե նմանատիպ անձնական ինֆորմացիան առանց վարանելու հրապարակվում է, տրամաբանական է ենթադրել, որ քաղաքացիների տեղաշարժի, հեռախոսազանգերի միջոցով հավաքված ցանկացած ինֆորմացիա քաղաքական նպատակներով առանց վարանելու հրապարակվելու է։
Panorama.am- Դուք խոսեցիք «բաց դռների» մասին, դա շղթայի որ օղակում կարո՞ղ է լինել։
Վրթանեսյան- Ցանկացած տեղում կարող է լինել, կոնկրետ հաստատությանը հասանելի բազայում, հնարավոր է ադմինստրատորի մեյլ են կոտրել, հնարավոր է գաղտնաբառ են գուշակել, միգուցե ծրագրային խնդիր է եղել։ Ամեն բան հնարավոր է, պետք է արվի հետաքննություն, տրվեն բացատրություններ։
Հարակից հրապարակումներ`
- Կորոնավիրուսով հիվանդ հազարավոր հայաստանցիների տվյալներ հայտնվել են ադրբեջանցի հաքերի ձեռքում
- ՀԿ-ները կառավարությանը կոչ են անում հրապարակել կամավոր ծրագրավորողների անունները