Մայիսին 2019թ. մայիսի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները զգալի նվազել են
2020թ. մայիսին 2019թ. մայիսի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գների մակարդակը մնացել է անփոփոխ, իսկ 2020թ. ապրիլի համեմատ գրանցվել է 0.6% գնանկում:
Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, 2020թ. մայիսին ապրիլի համեմատ հագուստի գները նվազել են 2.4%-ով, տարբեր տեսակի կոշկեղենինը՝ 2.1%-ով, վառելանյութերինը և քսանյութերինը՝ 1.2%-ով, ապակե ամանեղենինը, ճաշասպասքինը և տնային կահ-կարասունը՝ 0.9%-ով, խոշոր կենցաղային սարքերինը՝ 0.2%-ով։
Միաժամանակ, հանրապետությունում արձանագրվել է կենցաղային և այգեգործական գործիքների՝ 0.4%, դեղագործական ապրանքների՝ 0.6%, ոսկերչական զարդերի՝ 0.8%, մաքրող, լվացող միջոցների՝ 1.0%, կահույքի և կահավորանքի՝ 1.5% գնաճ։
Ըստ վիճակագրության, 2020թ. մայիսին ապրիլի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի` համապատասխանաբար 9.8% և 15.4% գնանկում: 2020թ. մայիսին 2019թ. մայիսի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են 31.1% և 31.8%-ով, իսկ 2019թ. դեկտեմբերի համեմատ՝ 28.6% և 26.6%-ով։
Մատուցված ծառայությունների ոլորտում էլ 2020թ. մայիսին 2019թ. մայիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սակագների 1.0% հավելաճ, իսկ 2020թ. ապրիլի համեմատ պահպանվել է սակագների նախորդ ամսվա մակարդակը։