Արցախի նախագահ. Տոհմային անասունների տրամադրումը պետք է ավելի մատչելի դարձնել
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 13-ին գյուղատնտեսության նախարար Աշոտ Բախշիյանի և ոլորտի այլ պատասխանատուների ուղեկցությամբ այցելել է Ասկերանի շրջանի Նորագյուղ և Խանապատ համայնքներում գործող տոհմային կայաններ:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ, հանրապետության նախագահը ծանոթացել է մասնավոր ու պետական հիմունքներով գործող անասնապահական տնտեսությունների պայմաններին, ծրագրերին և առկա խնդիրներին: Երկրի ղեկավարին ներկայացվել է, որ, չնայած նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված տեղաշարժի սահմանափակումներին, վերջերս երկու տնտեսությունների հաջողվել է «Ջերսեյ» և «Ֆլեկվի» ցեղատեսակների տոհմային անասունների խոշոր գլխաքանակ ներկրել եվրոպական երկրներից:
Արայիկ Հարությունյանը կարևորել է կատարվող աշխատանքը՝ ընդգծելով, որ պետական քաղաքականության շրջանակում անասնապահությամբ զբաղվող փոքր ու միջին տնտեսությունների համար տոհմային անասունների ձեռքբերումը պետք է ավելի մատչելի դարձնել:
Նա տեղում հանձնարարել է գյուղատնտեսության նախարարին՝ այս բնագավառում գործող կարգի և պայմանների վերաբերյալ կատարել համապատասխան ուսումնասիրություն՝ նոր առաջարկներ ներկայացնելու նպատակով: