ԱՄԷ-ն միացել է Հայաստանին, Կիպրոսին ու Հունաստանին՝ դեմ հանդես գալով ՄԱԿ ԳԱ նախագահի պաշտոնում թուրք Բոզքիրի ընտրությանը
Արաբական Միացյալ Էմիրությունները միացել է Հայաստանին, Կիպրոսին, Հունաստանին՝ դեմ հանդես գալով լռելյայն ընթացակարգով թուրք քաղաքական գործիչ Վոլքան Բոզքիրի ընտրությանը՝ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի նախագահի պաշտոնում, պահանջելով անցկացնել փակ, գաղտնի քվեարկություն։
Այս մասին ՄԱԿ-ում ԱՄԷ մշտական ներկայացուցիչը նամակ է ուղղել ՄԱԿ ԳԱ ներկայիս նախագահ Տիջանի Մուհամադ-Բենդին։
«Ի հավելումն Հայաստանի, Կիպրոսի ու Հունաստանի կողմից բարձրացված հարցերի, որոնք մենք ամբողջությամբ ընդունում ու կիսում ենք, իմ կառավարությունն իր երկարամյա մտահոգություններն է ցանկանում արտահայտել արաբական պետությունների ինքնիշխան գործերում Թուրքիայի շարունակական միջամտության կապակցությամբ, ինչը ԱՄԷ-ն կտրականապես մերժում է, և հավաստիացում է պահանջում, որ պարոն Բոզքիրն իր պարտականությունները կկատարի անկախ և անկողմնակալ»,-ասվում է նամակում։
ԱՄԷ-ի նամակում նշվում է, որ Արաբական Միացյալ Էմիրությունները դատապարտում է Թուրքիայի գործողությունները Հունաստանի ազգային օդային տարածքում, Կիպրոսի սուվերեն ջրերում, տարածաշրջանում նրա մյուս սադրիչ գործողությունները։
«Արաբական Միացյալ Էմիրությունները կիսում է Հայաստանի ու Կիպրոսի կողմից արտահայտված լուրջ մտահոգությունները, որ վերաբերում է Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը ժխտելու Թուրքիայի համառ քաղաքականությանը։ Այս ժառանգության լույսի ներքո և դրա շարունակական վնասակար հետևանքներից ելնելով՝ մենք անհանգստացած ենք Թուրքիայի կողմից կրոնական ծայրահեղականներին ընդունելուց և նրանով, թե ինչպես է Թուրքիան փորձում օգտագործել միջկրոնական ատելության հրահրումը՝ առաջ տանելու իր քաղաքական օրակարգը Եգիպտոսում, Լիբիայում և արաբական մի շարք այլ պետություններում»,-ասվում է նամակում:
Հիշեցնենք, որ հունիսի 17-ին ՄԱԿ-ում տեղի կունենան միանգամից մի քանի ընտրություններ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, Սոցիալ-տնտեսական խորհրդի անդամների, ինչպես նաև ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 75-րդ նստաշրջանի նախագահի ընտրություններ։
ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի նախագահը ռոտացիոն կարգով ընտրվում է ՄԱԿ-ի անդամ պետությունների 5 տարածաշրջաններից։ 2020-2021 թթ-ին Արևմտյան Եվրոպա և Մյուսները խմբին է փոխանցված, որի մեջ է մտնում նաև Թուրքիան, այս պաշտոնը։ Խմբում միակ համաձայնեցված ու առաջադրված թեկնածուն է թուրք դիվանագետ, քաղաքական գործիչ Վոլքան Բոզքիրը։
Բոզքիրի թեկնածությունն ի սկզբանե ուղարկվել է անդամ պետություններին՝ միաձայն հաստատման համար, սակայն Հայաստանը, Հունաստանն ու Կիպրոսը պահանջել են, որ միաձայն հաստատման փոխարեն, Բոզքիրի անունը լինի հունիսի 17-ի ընտրությունների քվեաթերթիկում։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան