«Ժառանգություն». Ժողովրդավարական Հայաստանը չի կարող հայտնվել բռնաճնշումների, քաղաքացիական բախումների մթնոլորտում
«Ժառանգություն» կուսակցությունը տարածել է հայտարարություն, որում ասված է. «Հայաստանի Հանրապետության ներքաղաքական կայունությունը համավարակի և արտակարգ դրության այս պայմաններում՝ գումարած արտաքին մարտահրավերները, ունի բացարձակ արժեք։ «Ժառանգություն» կուսակցությունն իր մտահոգությունն է հայտնում իշխանության և ՀՀ խորհրդարանական ուժի՝ ԲՀԿ-ի միջև ստեղծվող լարված մթնոլորտի համար, որին, ցավ ի սիրտ, մասնակցում են իրավապահ մարմինների աշխատակիցները՝ անիրավաչափ ուժ կիրառելով ԲՀԿ պատգամավորների, համակիրների և խառնաշփոթում անգամ պատահական քաղաքացիների հանդեպ:
Հայաստանի Հանրապետությունում բոլոր բարձրացվող խնդիրները՝ կառավարության աշխատանքի հանդեպ հնչեցված քաղաքական քննադատություններից մինչև ընկերությունների կողմից հարկային պարտավորությունների չկատարման կամ 2017 թ. ընտրությունների ժամանակ ընտրակաշառքների բաժանման վերաբերյալ ընտրողական մեղադրանքները, պետք է քննվեն և հանգուցալուծվեն բացառապես իրավական հարթության վրա, իսկ քաղաքական մեղադրանքներին պետք է պատասխաններ հնչեցնել միմիայն քաղաքական մակարդակում:
Հակառակ դեպքում Հայաստանը կարող է հայտնվել անձնական և քաղաքական բռնաճնշումների, քաղաքացիական բախումների, վախի և անհանդուժողականության մթնոլորտում, որն անթույլատրելի է:
«Ժառանգություն»՝ որպես իր քաղաքական կենսագրության մեջ բազմաթիվ անգամ բռնության, ընտրակաշառքների բախված քաղաքական ուժ, այս բարդագույն իրավիճակում պահանջում է դադար առնել և ձեռնպահ մնալ ներքին առճակատումներից»։
Հարակից հրապարակումներ`
- «Լուսավոր Հայաստանն» այսօր հատուկ նիստ է գումարելու
- Ոստիկանները բերման են ենթարկել Դավիթ Խաժակյանին
- Իշխանությունն արտակարգ դրությունը օգտագործում է, որպես ևս մեկ ճնշման գործիք. Խաժակյան
- ԲՀԿ. Սա ապարդյուն և դեպի նոր ռիսկեր տանող ճանապարհ է
- «Լուսավոր Հայաստան». Մեր կողմից կտրվեն անհրաժեշտ իրավական և քաղաքական գնահատականները
- Իշխանության ընտրած մեթոդը տանում է առճակատման. Մինասյան
- ՀՅԴ. Պահանջում ենք իշխանություններից վերադառնալ քաղաքական պայքարի դաշտ
- «Հայրենիք» կուսակցություն. Դեպքերի այս ընթացքը իշխող վարչախմբի հոգևարքի վկայությունն է