ՄԻՊ-ն անընդունելի է համարում Նաիրա Զոհրաբյանի և մի շարք այլ կին պատգամավորներին փողոցից հեռացնելու եղանակը
Մարդու իրավունքների պաշտպանը քիչ առաջ հանդես եկալվ ամփոփիչ հայտարարությամբ այսօր կատարած աշխատանքների վերաբերյալ։ Տարածած հայտարարության մեջ ասված է.
«Վաղ առավոտից Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացվել է այսօր տեղի ունեցած իրադարձությունների ամբողջական դիտարկում: Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո է ՀՀ ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ քրեական վարույթի ընթացքը՝ օրենքով Պաշտպանին վերապահված իրավասության սահմաններում:
Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ղեկավարությամբ՝ աշխատակազմում կազմվել է արագ արձագանքման 14 խումբ: 10 խումբ իրականացրել է այցեր Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և մարզային բաժիններ: Վերջին խումբը քիչ առաջ է վերադարձել Ոստիկանության բաժնից: Աշխատանքային 4 խումբ իրականացրել է լրատվության միջոցների ու սոցիալական ցանցերի հրապարակումների մշտադիտարկում, ինչպես նաև իրավական ապահովման աշխատանքներ:
Այսօրվա ընթացքում Ոստիկանության բաժիններ այցերի ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները առանձնազրույց են ունեցել վարչական ձերբակալման ենթարկված 165 անձի հետ, ուսումնասիրվել են այդ անձանց վերաբերյալ կազմված փաստաթղթերը և նրանց բերման ենթարկելու կապակցությամբ Ոստիկանության պարզաբանումները:
Ոստիկանության բաժիններ այցերի ընթացքում Ոստիկանության ծառայողների վերաբերմունքի առնչությամբ բողոքներ առավելապես չեն ներկայացվել: Արձանագրված խնդիրները գլխավորապես վերաբերում են փողոցից Ոստիկանություն բերման ենթարկելու ու այդ ընթացքում բերման ենթարկվողի իրավունքներն ապահովելու հետ (օրինակ՝ բերման ենթարկելու հիմքերի ոչ պատշաճ պարզաբանում, մատյաններում և վարչական վարույթի նյութերում վարչական ձերբակալման հիմքերի ոչ պատշաճ արտացոլում):
Ոստիկանության բաժիններ կատարած այցերի, առանձնազրույցների և փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքները կամփոփվեն և կներկայացվեն Ոստիկանություն ամբողջական տեսքով՝ պարզաբանումների պահանջով և լուծման առաջարկներով:
Մարդու իրավունքների պաշտպանի դիրքորոշմամբ՝ պետությունը պետք է հատուկ վերաբերմունք ունենա այն անձանց նկատմամբ, ովքեր ոչ թե ակցիայի կամ զանգվածային այլ միջոցառման մասնակից են, այլ իրավապաշտպան նպատակով իրականացնում են այդ միջոցառման դիտարկում: Ուստի, Ռուբեն Մելիքյանին վարչական ձերբակալման ենթարկելու հիմքերի և եղանակի առնչությամբ Ոստիկանությունից գրավոր պարզաբանումներ կպահանջվեն առանձին վարույթով:
Մարդու իրավունքների պաշտպանը նաև անընդունելի է համարում նստացույց հայտարարած՝ ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի և խորհրդարանի մի շարք այլ կին պատգամավորներին փողոցից հեռացնելու եղանակը:
Հ.Գ. Մարդու իրավունքների պաշտպանը բոլորին կոչ է անում պահպանել նոր տեսակի կորոնավիրուսի կանխարգելման կանոնները»։
Հարակից հրապարակումներ`
- Վարչական ձերբակալում է իրականացվել 252 անձի նկատմամբ
- Արթուր Խուդինյան. Ոստիկանության նպատակը բերման ենթարկելը չէ
- Ռուբեն Մելիքյան. Այստեղ առերևույթ առկա է քաղաքական հետապնդման լուրջ տարրեր
- Ոստիկանները բերման կամ բռնության են ենթարկում Արման Աբովյանին, Նաիրա Զոհրաբյանին, քաղաքացիներին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին