Ոստիկանները բերման կամ բռնության են ենթարկում Արման Աբովյանին, Նաիրա Զոհրաբյանին, քաղաքացիներին
Ոստիկանությունը հինգ րոպե ժամանակ տվեց ԱԱԾ դիմաց բողոքի ցույց իրականացնող քաղաքացիներին՝ հավաքն ինքնակամ դադարեցնելու համար, hակառակ դեպքում իրավապահները կկիրառեն հարկադրանքի միջեցներ։
Եվ քանի որ քաղաքացիները չենթարկվեցին ոստիկանների պահանջին, վերջիններս սկսեցին բերման ենթարկել որոշ ցուցարարների։
Այս ընթացքում վեճ ծավալվեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանի և ոստիկանության աշխատակիցների միջև, որից հետո պատգամավորին բերման ենթարկեցին։
Հընթացս ոստիկանները խոչընդոտում են նաև լրատվամիջոցների աշխատանքը։
ԱԱԾ շենքի դիմաց լարված իրավիճակ է։ ԲՀԿ-ական պատգամավորներն ու իրենց համակիրները շարունակում են բողոքի ցույցը՝ շեշտելով, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դեմ քաղաքական հետապնդում է սկսվել։
Բողոքի ակցիայի ընթացքում վեճ ծավալվեց ոստիկանների և «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանի միջև, ում ոստիկանները քաշելով տարան։
Սակայն ինչպես ինքը՝ Ա. Աբովյանը նշեց՝ մի կերպ է պրծել. «Ժողովրդի դեմ պատերազմ են հայտարարում։ Բռնի ուժով տանում են խաղաղ քաղաքացիներին»։
ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ իրենք կքննարկեն իրենց իրավաբանների հետ տեղի ունեցածին ու կտան իրավական գնահատական։
Նա նշեց, որ սադրիչներ կան այստեղ, որոնք հրահրում են անկարգություններ։
Նույն խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանն էլ հայտնեց, որ արդեն տեղեկություններ են ստանում, որ որպես վկա ներգրավված և հարցաքննության կանչված Գ. Ծառուկյանին ձերբակալելու են։
«Անձեռնմխելիության հարցն ենք բարձրացնելու վաղը։ Իրենք պարոն Ծառուկյանին կարող են 72 ժամ պահել և մտնել ԱԺ՝ անձեռնմխելիության հարցով։ Կարծես թե հիմա այս սցենարն է գնում։ Մեզ մեր ներքին աղբյուրներն այդ են հայտնում»,- ասաց նա։
Ակցիայի ընթացքում ոստիկանները բռնի ուժ են կիրառում և քաշքշում են ԲՀԿ-ական պատգամավորներին։ Մասնավորապես՝ նրանք թևերից բռնած տարածքից հեռացնում էին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին, ուժ կիրառվեց նաև Իվետա Տոնոյանի և Կարինե Պողոսյանի նկատմամբ։
«Ինչի՞ համար, էլի։ Տշո՞ւմ են պատգամավորին, սա՞ է մեր երկիրը։ Թևս վնասվել է, արյուն է գալիս»,- բղավելով ասաց Կ. Պողոսյանը։
Ա. Աբովյանն էլ, դիմելով ոստիկաններին, շարունակեց՝ դուք հա՞յ եք, թե՞՝ չէ։
Ընթացքում պատգամավորները ոստիկաններին կոչ էին անում՝ ուժ չկիրառել։
Գևորգ Պետրոսյանն էլ հայտնեց, որ իրենց խմբակցության պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանին տարել են։ Դիմելով ոստիկաններին՝ նա ասաց՝ հենց հիմա հետ եք բերում.
«Իվետան վատացել էր, գնաց օգնելու, փաստորեն տարան»։
Հարակից հրապարակումներ`
- Գագիկ Ծառուկյանը ԱԱԾ շենքում է, որի դիմաց ոստիկանական խմբեր են հավաքվում
- Գեղարքունիքում մեր պատասխանատուներին բերման են ենթարկում. Աբովյան
- Մենք բոլորս ժամը 13:00-ին լինելու ենք ԱԱԾ-ի դիմաց. Տոնոյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան