ԱԱԾ. Բացահայտվել են ԱԺ ընտրություններում ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու դեպքեր
ԱԱԾ մամուլի կենտրոնը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է.
«Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների, ինչպես նաև համալիր օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների արդյունքում հնարավոր է եղել բացահայտել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մի խումբ անդամների կողմից, նախնական համաձայնությամբ, 2017 թ. ապրիլի 2-ին կայացած ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում ընտրողներին թեկնածուներից, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար անձամբ կամ միջնորդի միջոցով ընտրողներին կաշառք տալու բազմաթիվ դեպքեր, որում ներգրավված են եղել ինչպես կուսակցության ղեկավար կազմը, այնպես էլ՝ կուսակցության անդամները:
Պարզվել է, որ ընտրությունների նախընտրական փուլում կուսակցության ղեկավար անդամների կազմակերպմամբ, կուսակցության անդամների ակտիվ ներգրավմամբ և հստակ մշակված դերերի բաշխմամբ կուսակցության թեկնածուների, ինչպես նաև կուսակցության օգտին քվեարկելու համար ընտրողներին տրվել են հարյուրավոր միլիոն դրամների չափով ընտրակաշառք գումարներ:
Ընդ որում, նախաքննության ընթացքում կատարվել են շուրջ չորս տասնյակի հասնող խուզարկություններ, որի ընթացքում առգրավվել են համակարգչի միջոցով կամ ձեռագիր եղանակով կատարված մանրակրկիտ գրառումներ պարունակող փաստաթղթեր, որոնք վերաբերում են ընտրությունների ժամանակ կատարված դրամական միջոցների շարժին՝ ընտրողին, ակտիվիստներին տված գումարի չափին, բարեգործության անվան տակ ուսանողների ուսման վարձերի փոխհատուցման, բաժանած գումարների դիմաց ստացած ձայների վերլուծության, ինչպես նաև քրեական գործի համար նշանակություն ունեցող այլ փաստական տվյալներ, ինչը հիմք է տալիս ողջամիտ պնդումներ կատարելու առ այն, որ դրանք առավելապես հետապնդել են կուսակցության ղեկավար կազմին հաշվետու լինելու նպատակ:
Ուշագրավ է հատկապես այն, որ ըստ հարցաշարի, նախապես մշակվել է նույնիսկ հավաքների ժամանակ իբր պատահականության սկզբունքով օգնություն խնդրող անձանց կոնկրետ շրջանակը:
Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են ակտիվ միջոցառումներ ընտրակաշառք տալու, ստանալու գործընթացին ներգրավված անձանց հստակ շրջանակը պարզելու, նրանցից յուրաքանչյուրի արարքն անհատականացնելու և արարքին համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով»։
Հարակից հրապարակումներ`
- Ծառուկյան. Իշխանությունը հարցերին լուծումներ տալու փոխարեն գնում է ընդդիմախոսներին ահաբեկելու ճանապարհով
- ԱԱԾ-ն՝ «Օնիրա Քլաբ»-ի ու «Շանգրի Լա»-ի մասին
- Գոռ Աբրահամյան. Եթե Գագիկ Ծառուկյանին անձեռմխելիությունից զրկելու միջնորդության հիմքեր լինեն, հասարակությանը կտեղեկացվի
- Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ ԱԱԾ շենքից
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին