Հայաստանը ԵՄ ևս մեկ երկրի հետ կվավերացնի քաղաքացիների հետընդունման արձանագրությունը
«Չեխիայից առայժմ չենք ունեցել ռեադմիսիայի (հետընդունման) հայցեր, որը չի նշանակում, որ այդ գործընթացը չպետք է կանոնակարգենք»-ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը՝ ներկայացնելով ՀՀ Կառավարության և Չեխիայի Հանրապետության Կառավարության միջև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիա) մասին» համաձայնագիրը:
Ծառայության պետը հայտնեց, որ 2019 թվականի նոյեմբերի 8-ին Չեխիայի հանրապետությունից ստացվել է ծանուցում արձանագրության ուժի մեջ մտնելու վերաբերյալ ներպետական ընթացակարգերի կատարման մասին և հիմա Հայաստանի պատասխան քայլի հերթն է:
Հանձնաժողովի անդամներին տեղեկացվեց, որ կառավարությունն այս տարվա փետրվարի 20-ին համաձայնություն է տվել արձանագրության վավերացմանը, իսկ մայիսի 19-ին էլ Սահմանադրական դատարանն այն ճանաչել է սահմանադրական:
Արմեն Ղազարյանի խոսքով, Հայաստանի և ԵՄ միջև առանց թուլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին համաձայնագիրը ստորագրվել է 2013թ.-ի ապրիլի 19-ին, և ուժի մեջ է մտել 2014թ. հունվարի 1-ից: Համաձայնագրի նպատակն է փոխադարձության հիման վրա ստեղծել արագ և արդյունավետ ընթացակարգեր այն անձանց հայտնաբերման և անվտանգ ու կանոնակարգված վերադարձի համար, որոնք չեն բավարարում կամ այլևս չեն բավարարում, Հայաստանի կամ Եվրոպական միության անդամ պետություններից մեկի տարածք մուտք գործելու, այնտեղ գտնվելու, կամ բնակվելու համար պահանջներին և դյուրացնելու այդպիսի անձանց տարանցումը:
ԵՄ-ի հետ մայր համաձայնագրի սրորագրումից հետո Հայաստանն առանձին արձանագրություններ է ընդունում այլ երկրների հետ: Ծառայության պետի տեղեկացմամբ Ֆրանսիայի և Էստոնիայի հետ կա արդեն ուժի մեջ մտած արձանագրություններ, առաջիկայում նման փաստատթուղթ կներկայացվի Բուլղարիայի, Բենիլյուքսի երեք երկրների և Գերմանիայի հետ:
Արձանագրությամբ սահմանվում է հետընդունման գործառույթ իրականացնող իրավասու մարմինը, սահմանային անցակետերին և կոնտակտային անձանց վերաբերյալ տեղեկությունների փոխանակումը, ուղեկցությամբ վերադարձի պայմանները` ներառյալ երրորդ երկրի քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց ուղեկցությամբ տարանցումը, հետընդունման ձևերը` արագացված ընթացակարգերի ներքո:
Ըստ Արմեն Ղազարյանի, արձանագրությունն ուժի մեջ կմտնի ԵՄ հետընդունման հարցերի համատեղ կոմիտեին անհրաժեշտ ներքին ընթացակարգերի ավարտման մասին կողմերի ծանուցումից հետո երկրորդ ամսվա առաջին օրը:
Արձանագրության վավերացումը կապահովի Հայաստանի Հանրապետության Կառավարության և Չեխիայի Հանրապետության Կառավարության միջև կնքված Համաձայնագրի շրջանակներում չեխական կողմից ներկայացրած հետընդունման հայցերին պատշաճ կարգով և սահմանված ժամկետներում պատասխանելու հնարավորությունը:
Հանձնաժողովը դրական կարծիք տվեց 2019թ.-ի հոկտեմբերի 21-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության Կառավարության և Չեխիայի Հանրապետության Կառավարության միջև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիա) մասին» համաձայնագիրը կիրարկող արձանագրության վավերացմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին