Ռուս-թուրքական համագործակցության չհատվող եզրերը Մերձավոր Արևելքում
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի և պաշտպանության նախարարներ Սերգեյ Լավրովի և Սերգեյ Շոյգուի այցը Թուրքիա հետաձգվեց, կարելի է ասել, վերջին վայրկյանին։ Որոշ ԶԼՄ-ներ գրում են, թե Լավրովի ինքնաթիռը հետ է վերադարձել դեպի Թուրքիա կես ճանապարհից։ Այս հանգամանքը չի կարող տարօրինակ չլինել։
Բարձրաստիճան պատվիրակությամբ Լավրովը և Շոյգուն պետք է ժամանեին Թուրքիա հունիսի 14-ին, քննարկելու տարածաշրջանային խնդիրները, մասնավորապես, Լիբիայի և Սիրիայի հարցերը։ Այցի վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել ավելի վաղ Թուրքիայի և Ռուսաստանի նախագահներ Ռեջեպ Թայիփ Էրդողանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցի ժամանակ, որի ընթացքում կողմերը քննարկել էին Սիրիայում և Լիբիայում իրավիճակը:
Պուտինն ընդգծել էր Լիբիայում կրակի դադարեցման ու երկրում իրավիճակի խաղաղ կարգավորման վերսկսման կարևորությունը, Իդլիբում համատեղ աշխատանքների շարունակումը։
ՌԴ պաշտոնյաների այցի հետաձգման մասին հայտարարություններ են տարածել ՌԴ և Թուրքիայի ԱԳ նախարարությունները, նշելով, որ նախարարները հեռախոսազրույցի ժամանակ որոշել են, որ նախարարական բանակցությունները կլինեն ավելի ուշ, իսկ առայժմ կապի մեջ կլինեն երկրների փոխարտգործնախարարները։
Կողմերից ոչ մեկը չի նշել վերջին պահին բանակցությունների չեղարկման պատճառը, բայց ակնհայտ է այն, որ քննարկվելիք հարցերում Ռուսաստանն ու Թուրքիան ունեն հակադիր դիրքորոշումներ՝ չնայած վերջին տարիներին Թուրքիայի և Ռուսաստանի ղեկավարների միջև որոշակի սերտ համագործակցությանը։
Այսպես, Լիբիայում Թուրքիան և Ռուսաստանն աջակցում են միմյանց հակադիր ուժերի: 2011թ-ին Լիբիայի առաջնորդ Մուամար Քադաֆիի տապալումից և սպանությունից հետո Լիբիան գործնականում դադարել է գոյություն ունենալ որպես մեկ պետություն: Այժմ երկրում տիրում է երկիշխանություն:
Ռուսաստանը՝ Արաբական Միացյալ Էմիրությունների և Եգիպտոսի հետ միասին, աջակցում են Լիբիայի ազգային բանակի գեներալ Խալիֆա Հաֆթարին, որը վերահսկում է երկրի արևելյան հատվածները, իսկ Թուրքիան աջակցում է Տրիպոլիում ՄԱԿ-ի կողմից ճանաչված Ազգային համաձայնության կառավարությանը՝ Ֆայեզ ալ-Սարաջի գլխավորությամբ։ Մայիսից սկսած Ազգային համաձայնության կառավարությունը երկրում հաջողություններ է գրանցում ու գրավել է մի քանի քաղաքներ։ Թուրքիան Լիբիայում դերակատարում է ձեռք բերել նաև Տրիպոլիի հետ էներգետիկ պայմանագրերի միջոցով քաղաքացիական պատերազմին միջամտելով։
Թուրքիան այս անգամ ևս կարծես երկակի խաղ է խաղում․ օրեր առաջ Էրդողանը հեռախոսազրույց էր ունեցել նաև ԱՄՆ նախագահ Թրամփի հետ, որից հետո Էրողանը հայտարարեց, որ Լիբիայի հարցով «որոշակի համաձայնությունների են եկել»։
Արտգործնախարար Չավուշօղլուն էլ հայտարարել է, որ Թուրքիան այժմ ցանկանում է, որ ԱՄՆ-ը «աշխատի» Լիբիայում, ասելով Վաշինգտոնին, որ Թուրքիան դեմ է այնտեղ Ռուսաստանի դերակատարությանը։
Սրանով հանդերձ՝ Թուրքիան նաև ցանկանում էր հյուրընկալել Ռուսաստանին ու Լիբիայի հարցով գործարք կնքել։ Ճիշտ այնպես, ինչպես Թուրքիան Ռուսաստանից գնում է S-400 հակաօդային պաշտպանությունը, բայց ասում է՝ ցանկանում է, որ ԱՄՆ-ը ճնշի Ռուսաստանին Լիբիայում:
Ինչ վերաբերում է Սիրիային, ապա այստեղ ևս երկու կողմերն ունեն հակադիր դիրքորոշումներ․ Ռուսաստանն աջակցում է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, Թուրքիան աջակցում է նրա դեմ պայքարող ապստամբներին։
2019-ի հոկտեմբերին Թուրքիայի կողմից Սիրիայի արևելյան հատվածներ ներխուժումից հետո Թուրքիան ու Ռուսաստանը կարողացան գորրծարք կնքել՝ համատեղ պարեկություն անցկացնելու վերաբերյալ, և սիրիական ռեժիմը կարողացավ վերականգնել իր հսկողությունը շրջանների մեծ մասում։ Չնայած նրան, որ ռուս-թուրքական գործարքը հրադադար էր հաստատել Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Իդլիբում, նախորդ շաբաթ այնտեղ հերթական ավիահարվածներ տեղի ունեցան։
ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների չեղարկված այցի բուն պատճառները թերևս հայտնի կդառնան առաջիկայում։ Ընթացիկ վիճակում այն կարող է նշանակել, որ Մերձավոր Արևելքում ռուս-թուրքական «ոստիկանական տանդեմը» ներքին անհաղթահարելի խնդիրներ ունի։
Ռուսաստանը և Թուրքիան եղել և կան աշխարհաքաղաքական ախոյաններ, և նրանց համագործակցությունն ունի հստակ եզր, որից այն կողմ անցնել հնարավոր չէ՝ առանց կողմերից մեկի առանցքային շահերի անտեսման։ Ըստ էության, նյութական շահերից զատ, երկու պետություններն էլ ունեն, այսպես ասած «վերաարժևորման» խնդիր, այսինքն՝ միջազգային հանրության և սեփական ժողովրդի առջև սեփական դերակատարության բարձրացման, տարածաշրջանային նախկին տերության փառքի վերադարձման նպատակ։
Այս հանգամանքը առավել բարդացնում է Սիրիայում և Լիբիայում ռուս-թուրքական երկարատև համագործակցության հնարավորությունը՝ հատկապես, որ երբեմն թվում է՝ երկուսն էլ իրենց գործողություններով փորձում են տպավորություն ստեղծել հատկապես ԱՄՆ-ի մոտ։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան