Ֆրանսիացի բժիշկներն արդեն Հայաստանում են
Ֆրանսիացի բժիշկներն արդեն Հայաստանում են և վաղ առավոտից լինելու են կորոնավիրուսի դեմ պայքարի առաջնագծում:
Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից հայտնում են, որ սա օտարերկրացի բժիշկների ներգրավման առաջին նմանատիպ նախաձեռնությունն է, որն իրականություն դարձավ մեր գրասենյակի, USAID-ի և Առողջապահության նախարարության սերտ համագործակցությամբ:
Ֆրանսիայում համավարակը հաղթած բժիշկների մեծ մասն առաջին անգամ են Հայաստանում, և վստահ են՝ ներդնելու են իրենց ողջ փորձն ու գիտելիքները մարդկային կյանքեր փրկելու պատասխանատու առաքելության մեջ:
Ըստ աղբյուրի, եղբայրական Ֆրանսիայի պրոֆեսիոնալ բուժաշխատողները առաջիկա օրերին գործունեություն կծավալեն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնում և «Սուրբ Աստվածամայր» ԲԿ ինֆեկցիոն մասնաճյուղում:
Հիշեցնենք, որ Հայաստանը դիմել է միջազգային հանրությանը՝ կորոնավիրուսի դեմ պայքարին աջակցելու խնդրանքով։ Հայաստան բժիշկների խումբ ուղարկելու մասին հայտարարել են նաև հարևան Վրաստանն ու Լիտվան։
Հունիսի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 16667 դեպք, որոնցից 6214-ն` առողջացած, 360-ը` մահվան ելքով, որից 91-ը, ԱՆ հաղորդմամբ, «այլ հիվանդություններից»:
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10093 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 82324 թեստավորում: Նախորդ մեկ օրվա ընթացքում հաստատվել է 663 նոր վարակակիր։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանը բժիշկների խումբ կգործուղի Հայաստան․ Գիորգի Գախարիա
- Լիտվան բժիշկների ու փորձագետների խումբ կգործուղի Հայաստան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին