«Սոված մարդն ամենաուժեղն է»
Արարատի մարզի Հայանիստ և հարակից համայնքների բնակիչները կառավարության դիմաց բողոքի ակցիա են անում՝ բարձրացնելով տրանսպորտի հետ կապված խնդիրը, պահանջում են երթուղի։ Ակցիայի մասնակիցների խոսքով, պատճառաբանում են, որ կորոնավիրուս է։ Նրանք պատմում են, որ նախկինում էլ խնդիր եղել է, սակայն նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի միջոցով այդ հարցը լուծվել էր, իսկ հիմա ասում են ապօրինի է։ Բնակիչների խոսքով, միկրոավտոբուս է հիմա աշխատում, մինչև հասնում է իրենց գյուղ, արդեն նստելու տեղ չկա։ Նրանք նշում են, որ ավտոբուսը մեծ է, կբավարարի բոլորին է։
«Մեր պահանջն է՝ հասկացնել պատկան մարմիններին, որ այդ գյուղերում մարդիկ, երեխաներ են ապրում, ոչ թե այլմոլորակայիններ ու ամեն ինչից կտրված մարդիկ։ Մարզպետը մեր հարցերին չի պատասխանում։ Գյուղապետը շատ լավ մարդ է, իրեն օգնող ուժ է պետք, որ կարողանան մարդկանց կարիքները հոգալ»,- ասաց բողոքի ակցիայի մասնակից Հայանիստի բնակիչ Տաթևիկ Ավետիսյանը։
Ակցիայի մասնակից կանայք նշում են, որ իրենք տրանսպորտ են ուզում, որպեսզի կարողանան գնալ աշխատանքի ու իրենց երեխաների համար հաց ապահովել։
«Կանգնում ենք ճանապարհին, ձեռք ենք բարձրացնում, որ օտար տղամարդիկ կանգնեն ու մեզ հասցնեն քաղաք՝ աշխատանքի»,- ասաց ակցիայի մասնակիցը։
Նրանց խոսքով, 35 համարի ավտոբուսը 4 տարի շատ լավ աշխատել է, գոհ էին, յոթ գյուղ բավարարում էր, հիմա չկա, իսկ տաքսիների համար այդքան գումար չունեն։ Նրանց խոսքով, հիմա գործում է 487 համարի միկրոավտոբուսը, շատ փոքր է, յոթ-ութ գյուղ է սպասարկում, գծի մեջ ընդամենը երեք միկրոավտոբուս է։ Նրանց ներկայացմամբ, 4-5 գյուղ տուժել է սրա արդյունքում, Գետաշենում վիճակն ավելի ահավոր է, այնտեղ տրանսպորտ ընդհանրապես չի հասնում։
Բողոքի ակցիայի մասնակիցները ցանկանում են դիմում- նամակ փոխանցել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին տրանսպորտի հարցը լուծելու համար։
Ակցիայի մասնակիցների խոսքով, եթե հիմա էլ իրենց խնդրին լուծում չտրվի, փակելու են Հայանիստի ճանապարհը։
«Սոված մարդն ամենաուժեղն է։ Կերած-խմած մարդիկ նստած իրենց աթոռներին իրենց կռիվն են տալիս, իսկ գյուղերում մարդիկ սովից կոտորվում եմ, հացի խնդիր է, ընտանիք են պահում, ինչքան կորող ենք դիմադրել»,- ասաց Տ.Ավետիսյանը։
Նրանք նաև բարձրաձայնում են խմելու ջրի անորակ լինելու հարցը։
Տ. Ավետիսյանի խոսքով, իրենք բոլորն էլ համախմբված ընտրել են Նիկոլ Փաշինյանին. «Իմ երեխայի ձեռքը բռնած փողոցները փակել ենք, գիշեր-ցերեկ քնել ենք փողոցներում, որ ինքը նստի, մեր վիճակը կայունանա, մենք լավ ապրենք, բայց այսօր այդ լավը չեմ կարողանում հասկանալ, թե որն է։ Այսօր եկել, հասել ենք իր դուռը, ինքը չի կարողանում իջնի մեր հարցերին պատասխանի, մեր տրանսպորտի ու ջրի հարցը լուծվի»։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին