Առաջին եռամսյակում հարկային եկամուտները գերակատարվել են 9 մլրդ դրամով. Ջանջուղազյան
«2020 թվականի առաջին եռամսյակի վերջում արդեն իսկ նկատելի էր կորոնավիրուսի ազդեցությունը տնտեսական ցուցանիշների վրա»,- ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի նիստում ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը։
Նրա խոսքով, տնտեսական ակտիվության ցուցանիշը համեմատաբար դանդաղ աճ է ունեցել. այն 4% է կազմել և պայմանավորված է եղել համավարակի դրսևորմամբ, ներքին պահանջարկի թուլացմամբ ու վարկավորման ծավալների աճով, թեև այդ աճն այքան չի եղել, որքան կարող էր կանխատեսվել։
«Միջին գնաճը 0.1% է եղել, իսկ աշխատանքային շուկայում կորոնավիրուսի ազդեցությունն այնքան էլ արտահայտված չի եղել։ Ամսական միջին անվանական աշխատավարձը կազմել է մոտավորապես 190 հազար դրամ՝ պետական հատվածում 162 հազար դրամ, իսկ մասնավոր հատվածում՝ շուրջ 204 հազար դրամ։ Այս թվերը գործնականում համադրելի են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշների հետ»,- ներկայացրեց նախարարը։
Ա. Ջանջուղազյանը տեղեկացրեց, որ արտաքին ապրանքաշրջանառությունը նվազել է 4%-ով և կազմել 1 մլրդ 565 մլն ԱՄՆ դոլար, արտահանումն էլ չնչին աճ է ունեցել՝ 0.2%-ով, իսկ ներմուծումը նվազել է 6.2%-ով։
Նախարարի խոսքով, առաջին եռամսյակում համախառն պահանջարկի վրա հարկաբյուջետային ազդակն ունեցել է խթանող 1.4% ազդեցություն, և դա ունի իր տրամաբանությունը։
«Եթե վերադառնանք բյուջետային ցուցանիշներին, ապա սկզբնական ծրագրով եկամուտների համար նախատեսված 1 տրիլիոն 695 մլրդ դրամ տարեկան ցուցանիշը ճշտվել է և դարձել 1 տրիլիոն 700 մլրդ դրամ։ Ծախսերի մասով նույնպես ճշտում է տեղի ունեցել, այն կազմել է 1 տրիլիոն 861 մլրդ դրամ՝ պահպանելով դեֆիցիտի նույն մակարդակը՝ կամ որ նույնն է 161 մլրդ դրամ։ Սա այդքան էլ ակտուալ չէ, քանի որ 2020 թվականի համար դեֆիցիտի այլ ցուցանիշ ենք ներկայացրել։ Այդ տեսակետից ընդհանուր ցուցանիշները նշելով՝ արձանագրեմ, որ եկամուտների համար առաջին եռամսյակում փաստացի արձանագրվել է 370 մլրդ դրամ, ընդ որում հարկային եկամուտները կազմել են 349 մլրդ դրամ, կամ ընդամենը 9 մլրդ դրամով գերակատարվել է առաջին եռամսյակի համար ի սկզբանե հաստատված ցուցանիշը»,- մանրամասնեց Ա. Ջանջուղազյանը
Ինչ վերաբերում է ծախսերին, ապա, նախարարի խոսքով, ունեցել ենք 332.3 մլրդ դրամ փաստացի արձանագրում, ինչը առաջին եռամսյակի ճշտված ծրագրի շուրջ 82.1%-ն է կազմել։ Ընդ որում, ներքին ռեսուրսների հաշվին կատարողականը նույնպես համեմատաբար բարձր է՝ 87.3%: Եվ համեմատաբար ցածր է եղել արտաքին աջակցությամբ իրականացվող ծրագրերի կատարողականը՝ շուրջ 19%։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ տնտեսական աճը 2020 թվականի արդյունքներով կլինի բացասական. ԿԲ նախագահ
- Ծախսերին ուղղված հարկային եկամուտները նախատեսվածից 62 մլրդ դրամով ավելի են եղել. Ջանջուղազյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին