Եկել է խոստովանելու ժամանակը. Փաշինյան
Եկել է ժամանակը խոստովանելու, որ մենք մինչև այս պահը չենք կարողացել մեր հայրենակիցներին համոզել կամ պարտադրել, որ նրանք պահեն հակահամաճարակային ամենապրիմիտիվ և ամենաէֆեկտիվ միջոցը՝ խոսքը դիմակներ կրելու մասին է: Այս մասին պարետատան նիստից հետո ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ըստ էության, արձանագրենք, որ Հայաստանում, ի հեճուկս պարետատան կայացրած որոշումների, ի հեճուկս վարչական վարույթների, կիրառվող լայածավալ քարոզչության, կառավարության թափանցիկության, մարդիկ զանգվածաբար չեն կրում դիմակներ: Պետք է ասեմ, որ սա ՀՀ-ում կորոնավիրուսի համաճարակի տարածման թիվ մեկ պատճառն է և նման եզրակացություն անելու համար ունենք նաև ձեռքի տակ միջազգային, մասնավորապես՝ ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի գիտական հետազոտության արդյունքները:
Ըստ այդմ, տասնյակ երկրների, այդ թվում՝ վարակից ամենից շատ տուժած Իսպանիայի, Իտալիայի փորձը ցույց է տալիս, որ դիմակներն այս վիրուսի դեմ պայքարում վճռորոշ ազդեցություն ունեն և թույլ են տալիս էականորեն կրճատել դրա տարածումը: Նախկինում այս համոզվածության վերլուծություն դիմակների հետ կապված չի եղել, նախկինում անճշտություններ՝ հայտարարությունների տեսքով եղել են ամենուր: Հիմա ամենաբարձր մակարդակով կարող ենք հայտարարել, որ դիմակները համարվում են կորոնավիրուսի տարածումը կանխարգելող ամենաէֆեկտիվ միջոցը»,- ասաց վարչապետը:
Վարչապետի խոսքով՝ դիմակի կրումը կարևոր է նաև առողջ մարդկանց համար. «Դրանք հնարավորություն են տալիս չշնչել հիվանդ մարդկանց արտաշնչած մթնոլորտային մասնիկները, որոնք օդում կարող են մնալ տասնյակ րոպեներ: Սա կարող ենք համարել սենսացիոն հայտարարություն»:
Փաշինյանը նշեց նաև, որ Նյու Յորքում իրականացվել է վերլուծություն, ըստ որի, հակահամաճարակային քայլերից ամենաարդյունավետըեղել է դիմակի կրումը:
«Պարզվում է, որ խիստ կարանտինն ու սոցիալական հեռավորությունն առանձնապես չեն փոխել համաճարակի ընթացքը, մինչդեռ դիմակի կրումը պարտադիր դարձնելուց հետո քաղաքում վարակի տարածման կորը սկսել է դեպի վար թեքվել»,- ավելացրեց Փաշինյանը:
Այս համատեքստում՝ պատասխանելով վերջին շրջանում չարչրկված հարցին՝ նորից կարանտին մտցնել, թե՝ ոչ, վարչապետն ասաց, որ հետազոտությունից հետո եկել են այն եզրահանգման, որ մեր հանրության պարագայում այն այդքան էլ արդյունավետ չէ, որքան՝ դիմակի կրումը:
Մեկ այլ հետազոտությամբ էլ կորոնավիրուսի կանխարգելման արդյունավետ միջոցներից է նաև սոցիալական հեռավորության պահպանումը: Այսպիսով, վերը նշված հետազոտությունները հիմք ընդունելով, վարաչապետն ընդգծեց.
«Մայիսի 25-ից այս կողմ մենք առաջարկել ենք համաճարակի կանխարգելման ամենաարդյունավետ մեթոդները: Մեր խնդիրը կայանում է նրանում, որ այսօրվա դրությամբ չենք կարողացել պարտադրել մեր քաղաքացիներին, որպեսզի դրանք կատարեն: Մենք իհարկե մեծացնելու ենք վարչական ներգործության մեթոդները»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան