Թուրքիան վերաբացում է օդային սահմանը Իրանի հետ
Թուրքիան պատրաստվում է վերսկսել կորոնավիրուսի համավարակի պատճառով դադարեցված ավիահաղորդակցությունն Իրանի հետ։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը։
Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆի հետ Ստամբուլում կայացած հանդիպումից հետո կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ այդ մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
Չավուշօղլուն նշել է, որ հանդիպման ընթացքում երկկողմ հարաբերությունների քննարկման շրջանակներում անդրադարձ է կատարվել նաև միջպետական սահմանների վերաբացման խնդրին։
Ավիահաղորդակցության վերսկսումը նախատեսվում է օգոստոսի 1-ից։ Չավուշօղլուն հայտնել է նաև, որ Սիրիայի հարցով հաջորդ եռակողմ հանդիպումը տեղի կունենա Իրանում։
Հիշեցնենք, որ Իրանը կորոնավիրուսի համավարակից ամենից շատ տուժած երկրների ցանկում է։ Մինչ օրս Իրանում կորոնավիրուսից մահացել է 8․950 մարդ, հաստատված դեպքերի թիվը հասել է 189․876-ի։ Ներկայումս դեռևս ամեն օր երկրում վարակվածության հազարավոր նոր դեպքեր են արձանագրվում։