Ադրբեջանագետ. Հակազդման գործողություններն արդեն ուշացել են, բայց միևնույնն է՝ պետք են
Ադրբեջանում սոցիալական ու տնտեսական վիճակը բավականին բարդ է՝ մի կողմից կորոնավիրուսով պայմանավորված կարանտին, մյուս կողմից՝ նավթի գների անկում։
Panorama.am-ի հետ զրույցում ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան ասաց, որ Ադրբեջանում պաշտոնական թվերով թեև կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը մի փոքր ավելի լավ է, քան Հայաստանում, սակայն ադրբեջանական պաշտոնական թվերն առանձնապես վստահություն չեն ներշնչում։
Նա նշեց, որ կարանտինն այնտեղ նորից կոշտացվել է, ինչը հանրության շրջանում բավականին բացասական է ընդունվել, տարբեր շրջաններում փոքր դժգոհությունների ալիքներ են բարձրանում։
Ա. Էլիբեգովանն ասաց, որ նավթի գինը հաշվարկել էին 55 դոլարով, սակայն մինչև այս պահը նույնիսկ այդ մինիմումին չի հասել, Ադրբեջանն արդեն կես տարի կորուստներ է կրում, տարեվերջին բյուջեի կատարողականի հետ խնդիր կունենա։
«Թեև ունեն պահուստային ֆոնդ, բայց անդրադառնալու է մարդկանց կյանքի որակի վրա։ Դժվար է կանխատեսել, թե տարվա երկրորդ կեսում ինչպես կզարգանա իրավիճակն Ադրբեջանում, բայց բավականին լարված սոցիալական վիճակ է սպասվում»,- նշեց ադրբեջանագետը։
Ինչ վերաբերում է հայկական ուղղությամբ ադրբեջանական գործունեությանը, փորձագետի գնահատմամբ, բավականին ակտիվ են, օգտվում են կարանտիով պայմանավորված «լոք դաունով», փորձում են միջազգային կառույցներում ակտիվ գործունեություն ծավալել, ինչպես Եվրախորհրդարանում ադրբեջանամետ մի քանի պատգամավոր հակահայկական հայտարարությամբ հանդես եկան։
«Բավականին ակտիվացրել են, այսպես կոչված, ղարաբաղա-ադրբեջանական համայնքի ղեկավար Թուրալ Գյանջալիևին, որն արդեն հայալեզու ուղերձներ է հղում, ինչն ուղղված է հայկական հանրության վրա ազդելուն, ներազդելուն»,- ասաց նա։
Ա. Էլիբեգովան նշեց, որ Թուրալ Գյանջալիևի գործողությունների հակազդման գործում հայկական կողմը բավականին պասիվ է.
«Տպավորություն է՝ կամ լրջությունը չի գիտացվում, կամ միտումնավոր տպավորություն է ստեղծվում, որ աննշան անձնավորություն է։ Բայց ԵԽԽՎ ու Եվրանեստում ադրբեջանական պատվիրակությունների ներկայացուցիչ է, որը հանդիպում է դեսպանների հետ, միջազգային կառույցներում է հանդիպումներ ունենում, շրջագայում է աշխարհով ու ներկայացնում ադրբեջանական հակահայկական թեզերը։ Պետք է հասկանալ, որ սա վտանգ է, ռիսկ, որը պետք էր հաշվարկել ու հակազդել։ Հակազդման գործողություններն արդեն ուշացել են, բայց միևնույնն է՝ պետք է անել, քանի որ գնալով դիրքերն ամրացնում է, միջազգային հանրության մոտ ավելի լսելի է դարձնում խնդիրները, որոնք բավականին վտանգավոր են։ Հիմնականում տարածում է՝ ադրբեջանցիներն ուզում են վերադառանալ Արցախ, համերաշխ ապրել հայերի հետ, կոնտակտներ ունենան, բայց հայկական կողմը մերժում է ու թույլ չի տալիս։ Պետք է կոտրել այդ կարծիքը, թույլ չտալ միջազգային հանրությանը դա ընկալել այնպես, ինչպես ներկայացնում է նա»։
Ա. Էլիբեգովայի խոսքով, Ադրբեջանի ԱԳՆ-ն բավականին ակտիվ մեկնաբանում է հայկական կողմի հետ կապված ցանկացած իրադարձություն, բոլոր մակարդակներում բավականին կոշտացրել է ռազմական հռետորաբանությունը, ՊՆ-ն, ԱԳՆ անընդհատ պատերազմի սպառնալիքներ են հնչում, պարբերաբար առաջնագծում սադրանքների են գնում, չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հորդորել են կողմերին կորոնավիրուսի ժամանակ հնարավորինս հրադադարը պահպանել, բայց ադրբեջանական կողմը շարունակում է խախտել։
Նա ընդգծեց, որ այդ հայտարարությունները ցանկացած պահի հնարավոր է վերածվեն գործողությունների. «Ադրբեջանի դեպքում երբևէ չի կարելի բացառել, ցանկացած պահի պետք է դրան պատրաստ լինել, որ ադրբեջանական կողմը հոգեբանական ճնշումներից կարող է անցնել նաև գործի. իրենց հասարակության ուշադրությունը սոցիալական դժգոհությունից շեղելու լավագույն մեթոդն, իհարկե, հայերի ուղղությամբ ուշադրությունը շեղելն է»։
Փորձագետի կարծիքով, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մինչև հաղթանակի երաշխիք չունենա, չի գնա լայնամասշտաբ գործողությունների, բայց առաջնագծում իրավիճակի պարբերաբար լարում, սադրանքներ կձեռնարկի՝ ներսում ցույց տալու համար, որ ինքը իրավիճակը վերահսկում է, բավարարում է պահանջները, կարողանում է իրենց պաշտպանել, պետք է անընդհատ ցույց տա հաջողություն։
«Կրիտիկական իրավիճակում, որում գտնվում է Ադրբեջանը, իրենց շատ պետք են ինչ-որ փոքրիկ հաղթանակներ, որոնք պետք են հանրության հոգեբանական բավարարվածության համար։ Միշտ պետք է պատրաստ լինել, որ մեր հաշվին է դա արվելու»,- ասաց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան։
Հարակից հրապարակումներ`
- Կարեն Վրթանեսյան.Պետք է հետաքննություն արվի՝ պարզելու, ինչպես են տվյալները հայտնվել ադրբեջանցիների մոտ
- Տիգրան Աբրահամյան. Ինչպես կզարգանան իրադարձություններն առաջնագծում, կախված է, թե ինչպես դուրս կգանք կորոնավիրուսով ստեղծված իրավիճակից
- 2020թ․ ադրբեջանական բանկերի ակտիվները նվազել են 4․4 տոկոսով, եկամուտները՝ 2․2 անգամ
- Ա.Բեգլարյան. Տեսնում եմ, որ ադրբեջանական ճնշումներն ազդեցությունում ունենում են նրանց վրա
- «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» ՀԿ-ի նախագահն ընդգրկվել է ԵԽԽՎ պատվիրակության կազմում
- Հայաստանի համար ընդունելի չեն ղարաբաղյան խաղաղ կարգավորման փուլային տարբերակ ենթադրող առաջարկները․ ՀՀ ԱԳՆ պատասխանը
- Ադրբեջանագետ. Ակնկալում եմ հայկական կողմի՝ ավելի կոշտ և պահանջատիրոջ դերում դիրքավորումը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան