ԱԺ նախագահը դժգոհ է` պատգամավորները քիչ են խոսում կառավարության դրական քայլերի մասին
«Երբեմն, նաև մեդիայում, տարակուսանք է արտահայտվում այն մասին, որ այսքան բարեփոխումներ են արվում և այդ մասին քիչ է խոսվում»,- արտահերթ նիստում հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։
Նա միաժամանակ նշեց, որ իրենք նույնպես շատ քիչ են խոսում, իսկ իրականում շատ լուրջ բարեփոխում է առաջարկում կառավարությունը:
Նշենք, որ ԱԺ նախագահը խոսում էր հատուկ ընթացակարգով քննարկվող «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի մասին, որի օգտին իշխող խմբակցությունից հնչեց միայն պատգամավոր Բաբկեն Թունյանի ելույթը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանն էլ իր ելույթում շեշտեց, որ որպեսզի կառավարության հակաճգնաժամային միջոցառումները լինեն արդյունավետ, պետք է ընդունվեն չափազան օպերատիվ:
«Կառավարությունը երբ ասում էր՝ վարկ վերցրեք, որ հարկային պարտավորությունները կատարեք, այն անընդունելի և ոչ գործընկերային մոտեցում է: Այս նախագծերի միջոցով պետք է կառավարությունը ցույց տար, որ բիզնեսի կողքին է, որովհետև այդ բիզնեսն է պահում այս երկիրը իր վճարած հարկերով»,- նկատեց պատգամավորը և հավելեց, որ հարկային արձակուրդի հարցը դեռ փակ չէ:
Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը, տեղեկացրեց, որ գրոծող կարգավորումներով սահմանված է շահութահարկի եռամսյակային կանխավճարների գումարների հաշվարկման երկու եղանակ, հիմնական՝ երբ կանխավճարի գումարը հաշվարկվում է նախորդ տարվա արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարի 20 տոկոսի չափով և այլընտրանքային՝ որի շրջանակում կանխավճարի գումարը հաշվարկվում է յուրաքանչյուր եռամսյակին նախորդ եռամսյակի ընթացքում հարկ վճարողի իրացման շրջանառության 2 տոկոսի չափով: Փոխնարարարի դիտարկումներով, շահութահարկ վճարողների միան 10 տոկոսն է օգտվում երկրորդ տարբերակից:
Միաժամանակ, գործող օրենսդրության համաձայն, ըստ Արման Պողոսյանի, այլընտրանքային եղանակով շահութահարկի կանխավճարները հաշվարկելու համար անհրաժեշտ է, որպեսզի հարկ վճարողը մինչև յուրաքանչյուր տարվա մարտի 20-ը ներառյալ հարկային մարմին ներկայացնի համապատասխան հայտարարություն:
Նախագծով առաջարկվում է ամբողջությամբ վերանայել շահութահարկի կանխավճարների համակարգը` սահմանելով, որ յուրաքանչյուր եռամսյակի շահութահարկի կանխավճարը կատարվում է նախորդ տարվա արդյունքներով հաշվարկված շահութահարկի գումարի 20 տոկոսի և նախորդ եռամսյակի իրացման շրջանառության 2 տոկոսի գումարներից նվազագույնի չափով` զուգահեռաբար վերացնելով նաև կանխավճարի որևէ եղանակի ընտրության համար հայտարարություն ներկայացնելու պահանջը: Առաջարկվում է նաև սահմանել, որ 2020 թվականի երկրորդ եռամսյակի համար տնտեսավարող սուբյեկտները շահութահարկի կանխավճարներ առհասարակ չեն կատարում:
ԱՆ-ն 94 կողմ ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց օրենքի նախագիծը, իսկ ԱԺ նախագահը հայտնեց, որ երկրորդ ընթերցումը կարող են սկսել վաղվա հերթական նիստի հայտարարությունների ժամից հետո:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան