Վերապատրաստման դասընթաց՝ գյուղատնտեսական կոոպերատիվների նախագահների հավաստագրման համար
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը սկսել է գյուղատնտեսական կոոպերատիվների ղեկավարների համար 5-օրյա վերապատրաստման առցանց դասընթացը։ Այս մասին տեղեկացնում է ՀԱԱՀ մամուլի բաժինը:
«Գյուղատնտեսական կոոպերատիվներին տրամադրվող վարկի/լիզինգի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրերի համաֆինանսավորման/համապարտության գործընթացի համար նախատեսված՝ հավաստագրման նպատակով կազմակերպվող դասընթացը կառավարության՝ Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման երկրորդ ծրագրի շրջանակում է։
Ողջունելով վերապատրաստման առաջին պարապմունքի մեկնարկին տարբեր մարզերում գործող գյուղատնտեսական կոոպերատիվների 15 ղեկավարներին, Ագրարայինի ռեկտորը նշել է, որ պետության այս այժմեական նախաձեռնությունը պարտավորեցնող եւ կարևոր է այն առումով, որ գյուղկոոպերատիվներին հնարավորություն է տրվում յուրացնել կոոպերատիվների գործունեության կառավարման նորօրյա գիտելիքներ և իրենց գործունեության մեջ մասնագիտական բարձր նշաձող սահմանել։
Նշված ծրագրի շրջանակում տրամադրվող վարկերի ու լիզինգի տոկոսադրույքների սուբսիդավորման համար, անշուշտ, կարող են դիմել թե անհատ ֆերմերներ և թե գյուղկոոպերատիվներ․ այսուհանդերձ, այս դասընթացը հենց կոոպերատիվների նախագահների համար է, քանի որ կառավարության նշված միջոցառման շրջանակում գյուղատնտեսական կոոպերատիվները առանձնահատուկ ուշադրության են արժանանում։ Վարելով այս դասընթացը, պարոն Ուռուտյանը լիահույս է, որ այն առաջընթաց քայլ կլինի գործող կոոպերատիվների կառավարման գործում նոր մոտեցումների ու սկզբունքների յուրացման ու դրանք գործնականում կիրառելու առումով։
Դասընթացի հաջող ավարտը մասնակիցների համար հիմք կհանդիսանա գրանցելու նոր կոոպերատիվներ և վերագրանցելու գործող կոոպերատիվները։ Հավաստագրվելու են դասընթացի ակտիվ մասնակիցները՝ որպես կառավարիչներ, եւ միայն այն կոոպերատիվները, որոնց նախագահները հաջողությամբ կավարտեն դասընթացը, կարող են դիմել սուբսիդավորման այս ծրագրին։
«Այս դասընթացը տարբերվելու է կոոպերատիվների վերաբերյալ նախկինում իմ անցկացրած մյուս դասընթացներից այն առումով, որ դուք՝ որպես հավաստագրվող կառավարիչներ, տնային աշխատանք ունեք անելու, առանց որի հնարավոր չէ յուրացնել մեծ ծավալի նյութերը, որ տեղադրել ենք Ագրարային համալսարանի Moodle հարթակում»,-ասել է նա։
Գյուղատնտեսական կոոպերատիվների տրամադրվող վարկի/լիզինգի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրերի համաֆինանսավորման/համապարտության գործընթացի համար նախատեսված հավաստագրման կարգի համաձայն, մասնակիցները հավաստագրեր կստանան դասընթացի ավարտին՝ հանձնելիք 4 առաջադրանքների կատարման արդյունքի հիման վրա»,- նշված է հաղորդագրությունում։