Գիտխորհրդի նիստի հեռարձակումն արգելվել է նույնիսկ ԵՊՀ հանրային կապերի ծառայության համար
Այս պահին ընթանում է ԵՊՀ գիտխորհրդի առցանց նիստը։ Այն ընտրելու է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի 8 անդամներին։
«ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանի բանավոր հրահանգով, ոչ միայն լրատվամիջոցների համար է արգելվել առցանց հեռարձակումը, այլև ԵՊՀ հանրային կապերի ծառայության համար»,-ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԵՊՀ խոսնակ Գևորգ Էմին Տերյանը։
Ավելի վաղ ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի ղեկավար Վահագն Վարագյանը գրել էր.
«Հունիսի 15-ին ԵՊՀ գիտական խորհուրդը ընտրելու է ԵՊՀ նոր ձևավորվող հոգաբարձուների խորհրդի դասախոս անդամներին: Իմ ղեկավարած ստորաբաժանումը՝ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնը ևս առաջադրել է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամի թեկնածու: Բայց մինչև այս պահը մեր թեկնածուի անուն ազգանունը չի ընդգրկվել ցուցակում և ծանուցում չի ուղարկվել ԵՊՀ գիտական խորհրդի անդամներին, ինչը ԵՊՀ կանոնադրության 28-րդ կետի կոպտագույն խախտում է:
Ինձ հասած լուրերի համաձայն օրվա իշխանությունները՝ մասնավորապես Կրթության գիտության և այլնի նախարարը հանձնարարել է համալսարանի իր դրածոներին ամեն ինչ անել, որ իմ ղեկավարած կենտրոնի կողմից առաջադրված թեկնածուն չհասնի քվեարկություն փուլ՝ լավ իմանալով, որ քվեաթերթիկում հայտնվելու դեպքում հոգաբարձուների խորհրդի անդամ դառնալու հավանականությունը մեծ է»։