Մարտին Գալստյան. Բոլոր ջանքերը ներդրվելու են, որպեսզի երկրում պահպանվի մակրոկայունությունը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կենտրոնական բանկի աշխատակազմին է ներկայացրել ԿԲ նորընտիր նախագահ Մարտին Գալստյանին։
Նա հայտարարեց, որ այսօրվանից իր լիազորություններ է սկսում ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։ Այնուհետև ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց ԿԲ արդեն նախկին նախագահ Արթուր Ջավադյանին այս ընթացքում կատարած աշխատանքի ու ներդրման համար։ Շնորհավորեց Մ. Գալստյանին ու հաջողություն մաղթեց ԿԲ նախագահի պաշտոնում գործունեության մեջ։
«Պարոն Գալստյանը բանկային համակարգում նոր մարդ չէ։ Ընդհանրապես, կարող եմ արձանագրել, որ Կենտրոնական բանկում բավականին լավ թիմ ու կորիզ է ձևավորվել, որն ընդհանուր առմամբ կանխորոշում է և աշխատում է մեր բանկային համակարգի կայունության վրա։ Բանկային համակարգը մեր երկրի կարևորագույն ձեռքբերումներից է, բանկային համակարգը Հայաստանում կայացած է և կայուն է»,- ասաց Ն. Փաշինյանը։
Նրա խոսքով, մեծագույն մարտահրավերներից է լինելու բանակային համակարգն ավելի մարդակենտրոն դարձնելը, այնպես անել, որ բանկային համակարգի և քաղաքացիների հարաբերությունների կոնտեքստը դառնա ավելի կառուցողական, երկխոսության վրա հիմնված, որպեսզի թույլ չտան բանկային համակագի շուրջ նեգատիվ ընկալումներ ձևավորվեն։
Նա ընդգծեց, որ բանկային, ֆինանսական համակարգի կայունությունն ընդհանրապես տնտեսական համակարգի կայունության և կայուն զարգացման կարևորագույն նախադրյալներից մեկն է։
«Ես ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ Արթուր Ջավադյանի հետ ունենք որոշակի պայմանավորվածություններ մեր հետագա գործունեության առումով։ Պարոն Ջավադյանը ներգրավված կլինի տնտեսական քաղաքականության մշակման և տնտեսական հարցերի վերլուծության և նաև մեր միջազգային տնտեսական ոլորտի մասնագետների ներգրավմամբ Հայաստանում որոշակի պրոցեսներ հարուցելու գործին: Ունենք կոնկրետ նախագծեր, և այդ նախագծերի իրագործումն իսկապես շատ մեծ հաջողություն կլինի հայաստանի և Հայաստանի տնտեսական մտքի զարգացման առումով»,- ասաց Ն. Փաշինյանը:
Դիմելով Մ. Գալստյանին՝ վարչապետը նշեց. «Ուզում եմ հավատալ, որ մեր բանկային, ֆինանսական համակարգի համար ձեր գալով նոր էջ է բացվում, որը հիմնված կլինի նախկին շրջանի լավագույն փորձի վրա, և, իհարկե, իր հետ կբերի նոր փորձ, նոր հաջողություններ, կմեծացնի մեր բոլորիս վստահությունը բանկային ու ֆինանսական համակագի նկատմամբ»։
Արթուր Ջավադյանը վստահություն հայտնեց, որ այդ շարունակակաությունն ապահովվելու է պարոն Գալստյանի ղեկավարությամբ։
«Ունենք բանիմաց, բարձր պրոֆեսիոնալ հատկանիշներով թիմ, որն ունակ կլինի ապահովելու թե ֆինանսական, թե գների կայունությունը Հայաստանում, նաև երկրորդ մարտահրավերը՝ կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական ճգնաժամի իրավիճակում ևս ստեղծել մակրոտնտեսական կայուն միջավայր տնտեսության հետագա զարգացման համար։
Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնը կարևորագույն պաշտոններից է։ Պարոն Գալստյանն ունենալով փորձ, բավարար գիելիքներ, լինելով այս թիմի անդամ՝ ունակ կլինեն խնդիրները, որոնք կդրվեն այս ինստիտուտի առջև կատարել ամենայն հաջողությամբ»,- ասաց ԿԲ արդեն նախկին նախագահը։
Մարտին Գալստյանի խոսքով, այս թիմը ունակ է եղել իր առջև դրված ու հասարակության կողմից դրված խնդիրները լուծել։
«Ուզում եմ հավաստիացնել, որ այն աշխատանքը, որը կատարվել է, շարունակական է լինելու, խորացնելու ենք նաև համագործակցությունը կառավարության մեր գործընկերների հետ։
Բոլոր ջանքերը ներդրվելու են, որպեսզի երկրում պահպանվի մակրոկայունությունը, որ կառավարությունն էլ իր հերթին կարողանա այդ մակրոկայունության ներքո իրականացել ծրագրերը»,- ասաց ԿԲ նորընտիր նախագահը։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս ճգնաժամային շրջանում ԿԲ կատարած գործունեության ամենակարևոր արդյունք, որը ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի տեսել է, գների կայունությունն է, որն այսօր ՀՀ-ում կա, մինչդեռ շատ երկրներում այդպիսի չէ։
«Ուրախ եմ, որ կարողացել ենք այդ առումով հաջողություն ունենանք։ Իհարկե, բուն կորոնավիրուսի դեմ պայքարում մեծ խնդիրներ ունենք, դրանց լուծման համատեքստում նույնպես համոզված եմ, որ Կենտրոնական բանկի ինտելեկտուլ և ոչ միայն ինտելեկտուալ ներգրավածությունը շատ օգտակար կլինի»,- ասաց վարչապետ Ն. Փաշինյանը։
Հարակից հրապարակումներ`
- Արթուր Ջավադյանը կշարունակի ներգրավված մնալ ընդհանուր գործերին. Նիկոլ Փաշինյան
- Մարտին Գալստյանը ՀՀ կենտրոնական բանկի նախագահի պաշտոնը կստանձնի հունիսի 13-ին
- ԿԲ նախագահի ընտրությանը պատգամավորները կներկայանան իրենց գրիչներով
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան