Առաջարկվում է նույն մարդուն միաժամանակ ներգրավվել մի քանի բանկերի խորհրդներում
«Առաջարկում ենք, որ մեկ մարդը կարողանա մի քանի բանկային խորհրդում ներգրավվել»,- ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցություն պատգամավոր Արտակ Մանուկյանը՝ ներկայացնելով «Բանկային գործունեության մասին օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Գործող օրենսդրությամբ մի մարդը կարող է մեկ բանկում կան ֆինանսական կազմակերպությունում լինել խորհրդի անդամ։ Սակայն, Ա. Մանուկյանի խոսքով, ներդրումային գրավչությունը բարձրացնելու, ինչպես նաև արդյունավետ կառավարիչներ ստեղծելու համար պետք է հրաժարվել վերոնշյալ սահմանափակումից։
Այժմ, ըստ առաջարկի, նույն մարդը կարող է երկրում գործող բանկերի 50%-ում խորհրդի անդամ լինել, և օրինակ, եթե երկրում գործում է 17 բանկ, ապա մարդը կարող է միաժամանակ 8 բանկի խորհրդում ներգրավված լինել։
Ա. Մանուկյանի խոսքով, պետք է նաև մանր բաժնետերերին հնարավորություն տալ, որ իրենք կարողանան մասնակցել ֆինանսական կազմակերպության ոչ միայն տարեկան ժողովներին, այլ նաև հերթական ժողովներին։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Եղիշե Սողոմոնյանը հետաքրքրվեց՝ արդյո՞ք նպատակահարմար է մի մարդուն մի քանի բանկային խորհրդում միաժամանակ ներգրավվելը, կարո՞ղ է դա արդյունավետ լինել։
Պատասխանելով հարցին՝ Ա. Մանուկյանը նշեց, որ միջազգային ֆինանսական կազմակերպությունները հետաքրքրված են տարբեր ֆինանսական կազմակերպություններում մասնակցություն ունենալով։
«Իսկ թե ինչու պետք է անձը բանկերի 50+ տոկոսի խորհրդում ներգրավված լինի, ապա պատասխանը հետևյալն է՝ մեր կարծիքով, քանի որ ամեն ֆինանսական կազմակերպություն ինքն է որոշում՝ իր խորհրդում տվյալ անդամի ներգրավվման նպատակահարմարությունը։ Իսկ մենք չենք հասկանում և՛ մեկ խորհրդում ներգրավվելու նպատակահարմարությունը, և՛ բոլոր խորհրդներում։ Ուստի ընտրվել է նշված թիվը, կարող էր լինել նաև 25%, սակայն ավելի նպատակահարմար ենք գտել ընտրել 50%-ով ներգրավվածությունը»,- նշեց Ա. Մանուկյանը։