ՀՀ տնտեսական աճը 2020 թվականի արդյունքներով կլինի բացասական. ԿԲ նախագահ
«2018 թվականի վերջին գնաճը կազմել էր 1.8%, իսկ 2019 թվականի ընթացքում եղել է 0.7-ական տոկոս ընդհանուր և բնականոն գնաճ»,- խորհրդարանում ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց ԿԲ նորանշանակ նախագահ Մարտին Գալստյանը։
Միևնույն ժամանակ, Մ. Գալստյանի խոսքով, հարկաբյուջետային քաղաքականությունը նախորդ տարվա ընթացքում եղել է բավականին զսպող, ուստի տարվա երկրորդ կեսին ԿԲ-ն երկու անգամ նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հասցնելով այն 5.5 տոկոսի։
«ԿԲ-ն նախապատվությունը տվել է գնաճի աստիճանական վերականգնմանը՝ գնաճային սպասումների խարսխման նպատակով։ Այդ սպասումները կարևոր են, քանի որ տնտեսական ցնցումների պարագայում թույլ են տալիս վարել ավելի ճկուն դրամավարկային քաղաքականություն, ինչի ականատեսը մենք եղանք կորոնավիրուսի համավարակի ժամանակ»,- նշեց նա։
Մ. Գալստյանը տեղեկացրեց, որ կորոնավիրուսի համավարակի տնտեսական ազդեցության մեխանիզմը հասկանալու համար ԿԲ-ն մշակել է սեփական մոդելը՝ տնտեսության վրա համավարակի ազդեցության ուղղությունները պարզելու համար։
«Մեր գնահատականներով՝ այդ ազդեցություններից են լինելու առաջարկի զգալի կրճատումը՝ աշխատուժի առաջարկի կրճատման հետևանքով, ոչ առաջնային ապրանքների և ծառայությունների պահանջարկի անկումը, օրինակ՝ զբոսաշրջության կամ ռեստորանային բիզնեսի դեպքում։ Այս ազդեցությունը զգալի գնանկումային է, որի չափը դեռևս անհնար է գնահատել։ Միևնույն ժամանակ պահանջարկը զգալիորեն աճել է առողջապահական որոշ ապրանքների նկատմամբ, ինչ ազդեցությունը գնաճային է։ Արդյունքում՝ կորոնավիրուսի ազդեցությունը գնաճի վրա գնահատվում է չեզոք, քանի որ համախառն առաջարկն ու համախառն պահանջարկը զուգահեռաբար են նվազել»,- մեկնաբանեց ԿԲ նախագահը։
Նրա խոսքով, 2020 թվականի առաջին եռամսյակում տնտեսական աճը ԿԲ-ն գնահատել է 0.7%, և ակնկալվում էր, որ արդեն երկրորդ եռամսյակից տնտեսական աճը կվերականգնվի.
«Մարտի 17-ից մենք ավելացրել ենք դրամավարկային խթանման չափը՝ 0.25 կետով նվազեցնելով վերաֆինանսավորման տոկոսադրույքը։ Գնահատում էինք, որ այս տարվա վերջին գնաճը կկազմի 1.9%»։
Նա նաև նշեց՝ եթե մարտին ամբողջ աշխարհում սպասում էին, որ տնտեսության վերականգնումն արագ է տեղի ունենալու, ապա համավարակի ընթացքին զուգահեռ վերանայվեցին այդ պատկերացումները՝ դառնալով ավելի վատատեսական։
«Արժույթի միջազգային հիմնադրամը ապրիլին հայտնեց, որ համաշխարհային տնտեսությանը աճը 2020 թվականին կլինի մոտ 3%, իսկ համաշխարհային բանկը մոտ օրերս հրապարակեց, որ 5.2% անկում կլինի։ Մեր գնահատականներով ՀՀ տնտեսական աճը 2020 թվականի արդյունքներով կլինի բացասական, զգալիորեն ավելի ցածր մեր նախորդ կանխատեսումից։
Համավարակից առավել տուժած ոլորտներն են կացությունն ու հանրային սնունդը, տրանսպորտն ու տուրիզմը, սպասարկման այլ ծառայություններն ու շինարարությունը։ Իսկ գյուղատնտեսության վրա կորոնավիրուսը գրեթե ազդեցություն չի ունենա։ Մասնավոր սպառման և մասնավոր ներդրումների կրճատում ևս կլինի»,- եզրափակեց խոսքը Մ. Գալստյանը։