ԲՀԿ-ական պատգամավորներն ու քաղաքացիները հավաքվում են ԱԱԾ դիմաց
Ազգային անվտանգության ծառայության մոտ հավաքվում են քաղաքացիներ, նաև ԲՀԿ-ական պատգամավորներ, մասնավորապես Իվետա Տոնոյանը, Կարինե Պողոսյանը։ Հիշեցնենք՝ ավելի վաղ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ԱԺ-ում հայտարարել էր, որ գնում է ԱԱԾ հարցաքննության։
Ոստիկանությունը պարբերաբար բարձրախոսով հայտարարում է, որ ՀՀ-ում արտակարգ դրության ռեժիմ է, որի ընթացքում հավաքներն արգելված են։
Քիչ առաջ խորհրդարանը ձայների 87 կողմ և 0 դեմ հարաբերակցությամբ հավանություն է տվել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին անձեռնխելիությունից զրկելու և վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում սկսելու դատախազի միջնորդությանը։
Քվեարկությանը մասնակցել էր միայն իշխող «Իմ քայլը» խմբակցությունը։ Ընդդիմադիր խմբակցությունները որոշեցին բոյկոտել քվեարկությունը, քանի որ նրանց խոսքով, գործընթացը ոչ թե իրավական է, այլ քաղաքական։
Լրագրողների հետ զրույցում Իվետա Տոնոյանն ասաց, որ իրենք օրենքով սահմանված կարգով իրենց բոլոր գործառույթներն իրացնելու են. «Որևէ դեպքում իշխանություններին չի հաջողվելու մեզ լռեցնել, շարունակելու ենք մեր պայքարը»։
Նա նշեց, որ արտակարգ դրության պայմաններում ԲՀԿ-ն որևէ դեպքում որևէ հանրահավաքներ իրականացնելու հայտարարությամբ հանդես չի կարող գալ ու չի էլ գալու, իսկ մարդիկ այստեղ են հավաքվում առանց որևէ պայմանավորվածությամբ, որևէ դեպքում չեն կարող վերահսկել։
«Մեզ համար այս քվեարկությունը ևս մեկ անգամ փաստեց բարոյալքության այն սահմանը, որի մասին ենթադրություններ, իհարկե, ունեինք։ Վերջին պահին հույս ունեիքն, որ իշխանական խմբակցության որոշ ներկայացուցիչներ իրենց մեջ այնքան քաջություն կգտնեն, որ իրենց դիրքորոշումն կարտահայտեն այս հակաօրինական, ապօրինի նախաձեռնությանը։ Այս դեպքում մեր լավատեսությունը չարդարացվեց, տեսաք, որ բոլորը կողմ էին քվեարկել դատախազի կողմից ներկայացված միջնորդությանը։
Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս իշխանությունների բարոյալքված կերպարը, շրիշակից էլ ցածր մակարդակի վրա գտնվող իրավիճակը»,- ասաց Ի. Տոնոյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ոստիկանություն. ԱԺ մոտից բերման է ենթարկվել 154 քաղաքացի
- ԱԱԾ մոտ ոստիկանական ուժեր են հավաքվել
- Բերման ենթարկվեց չեմպիոն Ռոման Ամոյանը
- ԱԺ-ի մոտակայքից արդեն բերման են ենթարկել 70-ից ավելի քաղաքացիների
- Իրավիճակը ԱԺ-ի դիմաց լարված է