«Ժողովուրդ». Ինչո՞ւ են դատավորներից շատերն այս օրերին դիմումներ ներկայացնում ԲԴԽ
«Ժողովուրդ» թերթին տեղեկություններ հասան այն մասին, որ դատավորներից շատերն այս օրերին դիմումներ են ներկայացնում ԲԴԽ տարբեր պատճառաբանություններով աշխատանքի չգնալու համար՝ մեկը կոնտակտավոր է, մյուսի սիրտն է ցավում, երրորդի ճնշումն է բարձրացել և այսպես շարունակ:
Այդպես դատավորներից շատերն արդեն իրենց «ապահովագրում են», որպեսզի Ծառուկյանի կալանքի հարցը իրենք չվճռեն: Դատավորները մտավախություն ունեն՝ եթե կալանքի որոշում չտան, կմեղադրվեն, թե վախեցան գործարարից, իսկ եթե կալանքի որոշում հրապարակեն, կմեղադրվեն օրվա իշխանությունների կամակատարը լինելու համար, դրա համար ամենաապահով տարբերակ է գտնվել «հիվանդանալը»:
Նշենք, որ երեկ էլ նիստ է անցկացրել ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը, և, բնականաբար, հիմնական թեման այսօր խորհրդարանում քննարկվելիք միջնորդություններն են եղել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ խմբակցության նիստը վարել է ԱԺ նախագահ Արարարտ Միրզոյանը: Իմքայլականները պայմանավորվել են այսօր հնարավորինս հանդարտ նիստ անցկացնել, չտրվել ԲՀԿ-ականների սադրանքներին, եթե անգամ նման բան լինի:
Հիշեցնենք, որ ԱԺ-ում անձերին վերաբերող քվեարկությունները նախատեսվում են փակ-գաղտնի ռեժիմով և ընդունվում են ձայների մեծամասնությամբ: Այսինքն՝ եթե խորհրդարանն ունի 132 պատգամավոր, ապա այս որոշումն ընդունելու համար բավարար է 67 կողմ ձայնը: Եվ իշխող խմբակցությունը երեկվա նիստին արդեն որոշել է փակ գաղտնի քվերարկությամբ կողմ քվեարկել Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու դատախազի միջնորդությանը ու հարցը փակել:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ծառուկյանը նիստին ներկա չի լինի: Հավելենք, որ ԱԱԾ-ն Գագիկ Ծառուկյանին առնչվող միանգամից երեք տարբեր քրեական գործեր է հարուցել։ Դրանցից մեկը վերաբերում է 2017-ի խորհրդարանական ընտրությունների ընթացքում կաշառք բաժանելու դեպքերին։
Ըստ ԱԱԾ-ի՝ դրանում ներգրավված են եղել ԲՀԿ ղեկավար կազմն ու կուսակցության անդամները, ինչը նշանակում է, որ չի բացառվում՝ մեղադրյալների շրջանակը մեծանա»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում