Դիտավորյա՞լ չեք հարցաքննել հորս. Նորա Առուստամյան
«Ձեր ներկայացրած միջնորդագրում ասվում է, որ Պողոսյանը գումար է ստացել Առուստամյանից և Մանուկյանից»,- խորհրդարանում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նորա Առուստամյանը՝ դիմելով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։
Հիշեցնենք, որ գլխավոր դատախազը խորհրդարանին է ներկայացրել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին անձեռնխելիությունից զրկելու, նրա նկատմամբ քրեկանան հետապնդում հարուցելու և նրան որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդությունը։
Պատգամավորի խոսքով, իր ունեցած ինֆորմացիայով, որն ավելի ստույգ է, քանի որ Սեդրակ Առուստամյանն իր հայտն է, վերջինս չի հարցաքննվել տվյալ քրեական գործով, ինչն իր համար հիմք է կարծելու, որ հարցաքննման արդյունքում գուցե դատախազի կողմից բերված քրգործի միջնորդությունն անհիմն լիներ.
«Ավելին, ես պնդում եմ, որ անգամ պետք է արվեր առերես հարցաքննություն հորս և Պողոսյանի միջև, ինչը ևս չի արվել։ Պարո՛ն դատախազ, պիտի խնդրեմ, որ պատասխանը չլինի՝ դրանք գործողությունների շարք են, որ հետագայում կարվեն։ Մենք բոլորս գիտենք, որ ոչինչ չէր խանգարում՝ տվյալ գործողություններն անելուց հետո սույն միջնորդագրով գայիք ԱԺ։ Հարցս հետևյալն է՝ դիտավորյա՞լ չեք հարցաքննել հորս»։
Պատասխանելով հարցին՝ գլխավոր դատախազն ասաց ՝ ոչ։
«Բայց որ ասում եք՝ այսպես չպատասխանեք, ես չեմ կարող այլ կերպ, քանի որ քննիչն ինքն է տակտիկապես որոշում, թե ինքը որ պահին, որ գործողությունը պետք է իրականացնի։ Դա հստակ օրենքով է գրված, և նախաքննության արդյունավետության ապահովման թիվ մեկ չափանիշն է։ Եթե քննիչը ռոբոտի նման տեխնիկական գործողություններ կատարի, մենք չենք ունենա ոչ մի հանցագործության բացահայտում։ Իսկ Ձեր ասած գործողությունը պարտադիր կատարվելու է, իսկ թե քննության ո՞ր փուլում, ցույց կտա քննության տակտիկան»,- շեշտեց դատախազը։
Արձագանքելով՝ Ն. Առուստամյանը նշեց, իր համար պարզ էր, որ պատասխանը դա է լինելու։ Թեև պատգամավորը պնդեց, որ ոչինչ չէր խանգարում քննությունն անցկացնել, ապա նոր միջնորդագրով գալ ԱԺ.
«Շատ լավ հասկանում ենք, որ այդ դեպքում պարզապես շինծու գործ կլիներ։ Պարո՛ն դատախազ, պնդում եմ, որ այս քրեական գործի միջնորդությունը դուրս է եկել իրավական տիրույթից այն պահից, երբ հայրս՝ Սեդրակ Առուստամյանը չի հարցաքննվել տվյալ քրգործով։ Եվ դուք այս քրգործը հանել եք իրավական տիրույթից, և Ձեր իսկ թեթև ձեռքով բերել քաղաքական ասպարեզ, ինչն անընդունելի է»։
Ա. Դավթյանն էլ պատասխանեց՝ դուք ակնկալում էիք, թե ինչպիսին պետք է լինի իմ պատասխանը, քանի որ գիտեք՝ օրենքով է այդպես։
«Ես նորից եմ ասում՝ Սեդրակ Առուստամյանն անպայման քննվելու է այս քրեական գործով, և նրա տված ցուցմունքները լինելու են հերթական ապացույցներից մեկը։ Նա կարող է հաստատել այս տեղեկությունները, կարող է բացառել։ Եթե նույնիսկ նա հարցաքննվեր և հերքեր այս ապացույցները, ես միևնույնն է, գալու էի միջնորդության՝ այս ապացույցները բավարար համարելով»,- եզրափակեց խոսքը Ա. Դավթյանը։
Հարակից հրապարակումներ`
- Դիտավորությա՞մբ եք ինֆորմացիայի արտահոսք կազմակերպել. Թանդիլյանը՝ դատախազին
- Նաիրա Զոհրաբյանը լուսանկարներ է հրապարակել աշխատասենյակի խուզարկությունից