Չենք պատրաստվում համագործակցել ժողովրդի կողմից մերժված ուժերի հետ. Էնֆիաջյան
«Սա շինծու գործ է»,- ԱԱԾ շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը։
Նրա խոսքով, որևէ փաստաթուղթ, Գագիկ Ծառուկյանին վերաբերող որևէ բողոք կամ ցուցմունք չկա։ Ըստ պատգամավորի, հրապարակված փաստաթղթերը ամբողջովին հորինված են։
«Անմեղության կանխավարկած գոյություն ունի, և Գագիկ Ծառուկյանի անձի վերաբերյալ որևէ փաստաթուղթ չկա, և ներքին համոզմունք ունեմ, որ չի էլ լինելու։ Ամբողջությամբ խոսքի ազատության տրամաբանությունը խախտվել է, և այս գործընթացները սկսվել ենք ԲՀԿ քաղաքական խորհրդի նիստից հետո, երբ ԲՀԿ ղեկավարը խոսել է երկրում տիրող վատ վիճակից։ Մենք որպես երկրի ընդդիմադիր քաղաքական ուժ պետք է խոսենք, քանի որ 300-ից ավելի մահ ունենք արձանագրած, ինչը ձախողման, բացթողումների արդյունք է։ Տնտեսական հեղափոխությունից են խոսում, բայց որևէ դրական տեղաշարժ չկա։ Երկրի առաջնային հարցերը թողած թիվ մեկ քաղաքական հարց են դարձրել երկրի երկրորդ քաղաքական ուժի ղեկավարի նկատմամբ ռեպրեսիաներ իրականացնելը»,- շեշտեց պատգամավորը։
Դիտարկմանը, որ ԱԱԾ-ն հրապարակել էր այսպես կոչված ԲՀԿ-ական պատգամավորների հավատարմության խոստումները, ԱԺ փոխխոսնակը արձագանքեց՝ անձամբ ինքը որևէ նման թուղթ չի գրել։ Բայց և այնպես, պատգամավորն ասաց, որ կաշկանդված չէ իր հավատարմությունը նաև թղթին հանձնելու։
Հարցին, Գագիկ Ծառուկյանը ստիպե՞լ է, որ պատգամավորները գրեն այդ թղթերը՝ Վ. Էնֆիաջյանը պատասխանեց՝ մեր քաղաքական թիմում երբեք ստիպողաբար գործողություններ չեն իրականացվել.
«Մեր քաղաքական ուժը ինչ գործողություն կատարել է, թիմով հավաքվել ենք, քննարկել ենք, որևէ մեկը կաշկանդված չի եղել և կաշկանդված չէ»։
Իսկ այն, որ ԲՀԿ-ական պատգամավորները նշել էին, որ կարող են որոշակի քանակով ձայներ ապահովել, Վ. Էնֆիաջյանի խոսքով, պայմանավորված է հենց այդ պատգամավորների ռեյտինգով և ունեցած վստահությամբ։
«Դուք երբևէ չե՞ք լսել, որ քաղաքական ուժի ներկայացուցիչներն ասում են՝ հաղթելու են, ու հաղթելու են այսինչ տոկոսով։ Երբևէ չի՞ եղել նման բան»,- նշեց նա։
Պատգամավորը հայտնեց նաև, որ չեն պատրաստվում համագործակցել ժողովրդի կողմից մերժված ուժերի հետ. «Մենք չունենք ճանապարհ անցնելու այն քաղաքական ուժերի հետ, որոնք մարդկանց կողմից ընդունված չեն»։
Հարակից հրապարակումներ`
- 87 պատգամավոր կողմ է քվեարկել Գագիկ Ծառուկյանի կալանավորմանը
- ԱԱԾ շենքի դիմացից ոստիկանները փորձում էին հեռացնել Արման Աբովյանին
- ԱԺ-ում մեկնարկեց Գագիկ Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ քվեարկությունը
- ԲՀԿ-ական պատգամավորներն ու քաղաքացիները հավաքվում են ԱԱԾ դիմաց
- Խորհրդարանն անձեռնմխելիությունից զրկեց Գագիկ Ծառուկյանին