«Ե՞րբ եք ապօրինի ծխախոտ, ադամանդ, արտահանած պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու հարցով գալու ԱԺ»
«Նոր Հայաստան, հին բարքեր»,- խոհրդարանում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին անձեռնխելիությունից զրկելու միջնորդությանը։
Նրա խոսքով, Գագիկ Ծառուկյանի նկատմամբ սանձազերծված քաղաքական հետապնդումը չունի որևէ իրավական հիմք։ Պատգամավորը շեշտեց՝ իրենք դա ապացուցելու են, դրանում մեկ րոպե անգամ կասկած ունենալ պետք չէ։
«Պարո՛ն Արթուր Դավթյան, դուք պարզապես հին Հայաստանի վատ ավանդույթների կրողն եք։ Եվ դուք պարզապես իրավունք չունեք աշխատել որպես գլխավոր դատախազ, և դուք չեք աշխատելու, գալու է դրա ժամանակը, և մենք դրա համար ամեն ինչ անելու ենք։ Ինչ վերաբերում է Ձեր ներկայացրած միջնորդությանը, ուզում եմ հարցնել՝ ի՞նչ եք դուք ուզում, ի՞նչ եք դուք անում։ Հասկանո՞ւմ եք, որ այսօր մեր երկիրը կանգնած է լրջագույն խնդիրների առաջ, և ընդամենը մի քանի ամիս անց, հնարավոր է՝ տնտեսական խնդիրների պատճառով մեր ազգաբնակչությունը հայտնվի սովի ճիրաններում, դուք Ձեր փառասիրությունն ու քաղաքական ամբիցիաները բավարարելու համար սանձազերծում եք քաղաքական հետապնդում։ Որևէ մեկը կույր չէ, բոլորը շատ լավ են հասկանում, թե ինչ է տեղի ունենում»,- շեշտեց նա։
Պատգամավորի կարծիքով, քաղաքական ղեկավարի առողջ քննադատությունից հետո իրավապահ համակարգը իշխանությունների ամենաուղղակի հրահանգով հարձակվել է Գագիկ Ծառուկյանի վրա։
«Ուզում եք մեզ լռեցնե՞լ, չի ստացվելու։ Ուզո՞ւմ եք մեզ ասֆալտին փռել ու ասֆալտին ծեփել, չի ստացվելու։ Եվ չի ստացվելու, քանի որ իշխանությունների ամենաուղղակի հրագանգով ոստիկանները օրեր առաջ պատգամավորների ու մեր հարյուրավոր քաղաքացիների նկատմամբ դա արդեն իրականացրել են։ Եվ ձեզանից որևէ մեկը ծպտուն չի հանել, քանի որ ծպտուն հանելու հրահանգ չի ստացել։ Ծպտուն չի հանել, որովհետև թաքուն տեղավորվել է իշխանության կերակրատաշտակի մերձակայքում և օգտվում է ընձեռված բարիքներից։ Դուք այս պահին ունեք մեկ մարդու քաղաքական ամբիցիաները բավարարելու խնդիր, և դուք պատրաստ եք ամեն ինչի, անգամ եթե 30 հազար մարդ դառնա գործազուրկ։ Բայց քաղաքացիները ձեզ պետք էին միայն այն ժամանակ, երբ դուք հեղափոխություն էիք իրականացնում։ Իսկ հիմա դուք թքած ունեք, թե մարդիկ ոնց կապրեն»,- ընդգծեց պատգամավորը։
Դիմելով գլխավոր դատախազին՝ Իվետա Տոնոյանը հարց հնչեցրեց՝ ի՞նչ է նա անելու հաջորդիվ, իրենց բոլորին զրկելո՞ւ է անձեռնմխելիությունից, բանտե՞ր է գցելու.
«Կարող եք անել ամեն ինչ, դրանից ոչինչ չի փոխվելու։ Եվ մենք մշտապես բարձրաձայնելու ենք այն խնդիրները, որոնց մասին և խոսել ենք։ Այս ամբողջ ընթացքում մի բան էի լսում՝ ամբողջ իշխանությունը և իր ղեկավարը մտածում էր բացառապես մի բանի մասին՝ տոտալ տապալումների, և այս խայտառակ վիճակի մեղքը ազգաբնակչության վրա գցելու։ Ձեր համար մեղավոր են բոլորը՝ բացի ձեզնից։ Սա ընդամենը հանրության ուշադրությունը տիրող խայտառակ իրավիճակից շեղելու անհաջող փորձ է։ Ես ուզում եմ ասել, որ գոնե գործ սարքելուց մարդ պետք է գոնե մի քիչ շնորհքով դա անի։ Անգամ այս գործում եք ապաշնորհ ու անտաղանդ գտնվել»։
Խոսքի վերջում Իվետա Տոնոյանը ևս մեկ հարց ուղղեց գլխավոր դատախազին. «Պարո՛ն Արթուր Դավթյան, ե՞րբ եք պատրաստվում խորհրդարան գալ՝ ապօրինի ծխախոտի մաքսանենգության, ադամանդի արտահանման և երկաթի թափոնների ապօրինի արտահանման գործերով՝ պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու հարցով։ Ենթադրում եմ՝ հարցս չի ստանա պատասխան, քանի որ դրա համար հրահանգ չեք ստացել»։
Հարակից հրապարակումներ`
- Դուք անհարմար չե՞ք զգում. Զոհրաբյանը՝ դատախազին
- Կարող եք չծվծվալ տեղերից. Տոնոյանը՝ իմքայլականներին
- Դիտավորյա՞լ չեք հարցաքննել հորս. Նորա Առուստամյան
- Դիտավորությա՞մբ եք ինֆորմացիայի արտահոսք կազմակերպել. Թանդիլյանը՝ դատախազին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան